ԵԱՏՄ-ում ապադոլարացման գործընթաց է: 2022-ի տարեսկզբի դրությամբ՝ միության անդամ երկրների միջև առևտրաշրջանառության 74 տոկոսն արդեն ռուբլով է իրականացվում: Այս ցուցանիշը վերջին 10 տարում աճել է 11 տոկոսով: Տնտեսական ինտեգրման ցանկացած գործընթաց ենթադրում է նաև միասնական ֆինանսական շուկայի ձևավորում, ֆինանսական հոսքերի ներդաշնակեցում՝ ընդգծում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը:
Դա ենթադրում է նաև փոխադարձ առևտրի ժամանակ ազգային արժույթի կիրառում: Սարգսյանի պնդմամբ` միության ներսում ապադոլարացումը նորություն չէ:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Ռուսաստանի հանդեպ արևմտյան երկրների կիրառած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները ազդելու են, որ այդ գործընթացներն ավելի ակտիվանան, քանի որ Ռուսաստանը ԵԱՏՄ ամենամեծ և հզոր պետությունն է տնտեսապես, հետևաբար, Ռուսաստանի ցանկացած տնտեսական գործընթաց, Ռուսաստանում տեղի ունեցող բացասական ազդակներն արագ տարածվում են նաև մյուս անդամ պետությունների շրջանակում:
Ի սկզբանե նախատեսված էր, որ մինչև 2025 թվականը առևտրի փոխադարձ հաշվարկները աստիճանաբար պետք է կատարվեն ազգային արժույթներով, սակայն Ուկրաինայում ռազմական գործողությունը արագացրեց պրոցեսը, և, ըստ կանխատեսումների, ցուցանիշին կարելի է հասնել առաջիկա տարում: Գործընթացը Հայաստանի համար այնքան էլ վնասաբեր չի լինի, եթե ռուբլին կայունանա՝ պնդում է Սարգսյանը:
Կարեն Սարգսյան - Սա հիմնականում նաև պայմանավորված է տնտեսական, ֆինանսական ներուժի զարգացմամբ: Եթե ստեղծվել է մի միություն, որը ընդհանուր միասնական շուկա է ենթադրում, ապա դա պետք է նաև ֆինանսական ընդհանուր սկզբունքներ ու մոտեցումներ կիրառի, ինչը նաև ազգային արժույթների կիրառումն է: Բնականաբար, քանի որ ռուբլին գերակշիռ դեր է խաղում, շուրջ 70 տոկոսը իրականացվում է ռուսական ռուբլով, այս պայմաններում դա հնարավորություն կտա Հայաստանին, որ ռուսական ռուբլին մեր տնտեսության մեջ մուտք եղած տրանսֆերտների ձևով և նաև արտահանողների հասույթների տեսքով, դրանք նորից դրվեն շրջանառության մեջ և փոխադարձ հաշվարկների ժամանակ կիրառվեն: Սա նորմալ գործընթաց է:
Տնտեսագետը միաժամանակ մատնանշում է ռուբլու արժևորումը: Փոխարժեքը նախօրեին մեկ դոլարի դիմաց 85 ռուբլու էր հասել: Սա, ըստ Կարեն Սարգսյանի, դրական դինամիկա է: Հիմա, եթե էներգակիրների առևտուրը ևս ռուսական արժույթով կատարվի, ռուբլին կամրապնդի դիրքերը աշխարհում: Միության տարածքում այս պահին դոլարով հիմնականում էներգակիրներն ու վառելանյութերն են վաճառվում, ժամանակի ընթացքում այս ոլորտներում ևս առուվաճառքի համար ռուսական արժույթ կպահանջվի:
Կարեն Սարգսյան - Տարեսկզբի դրությամբ դոլարի տեսակարար կշիռը ընդամենը 20 տոկոս էր կազմում, և սա աստիճանաբար կրճատվում է:
Այս թվերն արտացոլում են մինչև ռազմական գործողությունների մեկնարկի իրադրությունը: Ըստ մասնագետի` տոկոսային հարաբերակցությունը հիմա էլ ավելի ցածր կլինի:
Հեղինակ` Մուշեղ Իսախանյան