Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը պատմում է.
«Վերջին անգամ 4 ամիս առաջ` դեկտեմբերին եմ Քարագլուխում եղել, բազմաթիվ խաչքարեր կան գերեզմանոցում, ինչպես նաև Սուրբ Աստվածամայր եկեղեցին: Պատերին բազմաթիվ խաչքարեր` հայերեն արձանագրությամբ, և գյուղատեղիում` աղբյուր...»
Ընդհանուր ավելի քան 20 հուշարձան կա այդ տարածքներում. խոսքը միայն պաշտոնապես գրանցվածների մասին է:
Լեռնիկ Հովհաննիսյան (Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար) - Կան հնագիտական հուշարձաններ, կան ճարտարապետական, կան պատմական:
2021 թվականի դեկտեմբերին տարածքում իրականացված հետազոտությունների արդյունքում ևս երեք տասնյակ հուշարձաններ են հայտնաբերվել:
Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փաստում է՝ տարածքը դեռ բավարար ուսումնասիրված չէ:
Րաֆֆի Քորթոշյան - Նույնիսկ եթե մի քանի օրով ինչ-որ մի տեղ իրենց տիրապետության տակ է անցնում, ջանում են ջնջել հայկական հետքը:
Լեռնիկ Հովհաննիսյան - Արդեն ապացույցներ ունենք, որ Փառուխ գյուղի գերեզմանոցը ենթարկվել է ավերումի:
Մյուս կարևոր հուշարձանը, որ վտանգված է, 13-րդ դարի եկեղեցին է:
Շիկաքար Քարագլուխ պատմական ամրոցը, որը կարևոր դեր է կատարել Արցախի պատմության մեջ, նույնպես վտանգված է:
Երկար է թվարկում՝ հնագիտական արժեք ունեցող մշակույթի հուշարձաններ, գերեզմանոցներ, խաչքարեր, տապանաքարեր: Այստեղ է գտնվում նաև Շիկաքարի քարանձավը, որտեղ 2011 թ. հետազոտություն է կատարել Ազոխի միջազգային հնագիտական արշավախումբը:
44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում և հետո Ադրբեջանը շարունակում է փորձել ջնջել հայկական հետքը հայկական բնակավայրերից՝ ևս մեկ անգամ շեշտում է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը։ Ավելացնում՝ գործի դրած մեթոդները տարբեր են. «Բռնայուրացում, կոնկրետ ոչնչացում, պատմության կեղծում՝ աղվանացման ուղղափառացման մեթոդով»:
Նաև հայկական այն բնակավայրերում, որ երբևէ այլ բնակչություն չի ունեցել, բացի հայկականից, և հազարավոր տարիներ հայ մարդը այդտեղ ստեղծել է իր արժեքները, այդտեղ կառուցում են մզկիթներ, օրինակ՝ Հադրութում, Քարինտակում:
Մասսայական բնույթ է կրում հատկապես 1990-ականներին և 2000-ականներին կառուցված եկեղեցիների, Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ավերումը: Սա ոչ թե հայկական, այլ համաշխարհային խնդիր է՝ ոչնչացվում է համաշխարհային պատմություն:
Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող հայատյաց վարքագիծը հերթական անգամ ապացուցում է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցը Արցախի բռնազավթված տարածքներ անհրաժեշտություն է:
Վարդուհի Սահակյան (ՀՀ ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի պետ) - Այս օրերին հայկական պատվիրակությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի նիստին է: Խորհուրդը բաղկացած է 58 երկրից և իր նշանակությամբ կազմակերպության երկրորդ կարևորագույն մարմինն է` Գլխավոր համաժողովից հետո։ Գործադիր խորհրդի նիստերը գումարվում են տարին երկու անգամ: Հիմնական գործառույթը Գլխավոր համաժողովի կողմից ընդունված որոշումների պատշաճ իրականացման ապահովումն է։
Գործադիր խորհրդի գարնանային նստաշրջանը, որին Հայաստանն առաջին անգամ մասնակցում է խորհրդի անդամի կարգավիճակով, մեկնարկել է մարտի 30-ին և կտևի մինչև ապրիլի 13-ը:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան