Դատական և իրավական ոլորտներում բարեփոխման 14 ուղղություն: Արդարադատության նախարարության մշակած դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագծի մշակմանը մասնակցել են ոլորտի մասնագետներն ու միջազգային փորձագետները:
Լիանա Թովմասյան (ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական) - Հաշվի առնելով այն տեսլականը, որն ունենք մեզ համար, և այն մեծ փոփոխությունները, որ պատրաստվում ենք ներդնել և իրագործել, այս առումով առավել կարևորվում է միջազգային առաջատար փորձի ներգրավումը և տեղայնացումը Հայաստանի Հանրապետության դատական համակարգում:
69 էջից բաղկացած ռազմավարության նախագծում և դրա իրականացման 154 էջանոց գործողությունների ծրագրում թվարկված են բարեփոխումների նպատակները: Դրանք են՝ «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծում, անցումային արդարադատության գործիքների կիրառում, սահմանադրական բարեփոխումների իրականացում, ընտրական համակարգի շարունակական բարեփոխում: Մինչև նոր ռազմավարության ուժի մեջ մտնելը կգործի 2019-23 թվականների համար ընդունված փաստաթուղթը:
Լիանա Թովմասյանը գործող ռազմավարությունը ևս հաջողված է համարում, թվարկում արդեն իսկ կատարված աշխատանքը, նշում՝ կյանքի կկոչվեն նաև դեռևս չիրականացված կետերը:
Լիանա Թովմասյան - Այն գործողությունները, որոնք պահպանել են իրենց արդիականությունը և դեռևս չեն կատարվել նախորդ ռազմավարության շրջանակներում, միանշանակորեն ներառվելու են նոր ռազմավարության շրջանակներում: Այսինքն՝ չի լինելու մի գործողություն, որն ուղղակի մնա չկատարված և դուրս թողնվի նոր ռազմավարությունից:
Դատաիրավական բարեփոխումների գործող ռազմավարության կատարման ընթացքի նկատմամբ հասարակական վերահսկողություն ապահովելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Կազմում ներառված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Լիանա Թովմասյան - Ներկայացուցիչը գալիս է, մասնակցում է աշխատանքային խմբին, այնուհետև նրանցից ամեն մեկն ունի իր գործունեության ոլորտը, իր լսարանը, և արդեն իսկ իր առօրյա գործունեության ընթացքում, հաշվի առնելով նաև աշխատանքային նիստի ժամանակ տեղի ունեցած քննարկումները, ձեռք բերված համաձայնությունները, ուղղությունները մատնանշված ապագայի համար, իրենց գործունեության ընթացքում իրենց միջոցները ևս ներդնում են՝ աջակցելու պետությանն այս տեսանկյունից:
2022-26 թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, անցել հանրային քննարկման փուլը: Այն նախատեսվում է ամբողջությամբ ընդունել մինչև 2022-ի ավարտը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան