Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և նրա գործընկերները՝ Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI), ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը նշել են Դպրոցական սննդի օրը։
Աբովյանի թիվ 8 դպրոցում անցկացված միջոցառումը համախմբել էր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի տարրական դասարանների դպրոցականներին և նրանց ծնողներին։
ՊՀԾ-ն Հայաստանում 2012 թվականից իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ ամեն օր ավելի քան 100,000 դպրոցականի ապահովելով տաք և սննդարար կերակուրներով: Միջոցառման ընթացքում կարևորվել է ՊՀԾ-ի՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի գործունեությունը Հայաստանում:
Երեխաները և նրանց ծնողները մասնակցել են ֆլեշմոբերի և խաղերի` նախատեսված ծանոթացնելու անառողջ սննդակարգի վնասակար հետևանքների և բալանսավորված, սննդարար կերակուրների կարևորությանը:
«Դպրոցական սնունդը վճռորոշ նշանակություն ունի երեխաների բարեկեցության համար։ Բացի դրանից՝ այն բարելավում է սովորելու կարողությունները՝ սեփական ներուժն օգտագործելու և, ի վերջո, կյանքի ընթացքում պոտենցիալ պրոդուկտիվությունը բարձրացնելու համար»,- շեշտել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն։
Հայաստանում Դպրոցական սննդի միջազգային օրվա տոնակատարության շրջանակում ՊՀԾ-ն և գործընկերները հրավիրում են բոլոր ծնողներին՝ տարրական դասարանների իրենց երեխաների հետ մասնակցելու առցանց քվեստին, որին կհաջորդի հաղթողների մրցանակաբաշխությունը:
Աբովյանի թիվ 8 դպրոցը Կոտայքի մարզի 89 դպրոցներից մեկն է, որը ներկայումս ՊՀԾ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրի մաս է կազմում:
Նախատեսվում է, որ մինչև 2022 թվականի դեկտեմբերը այս դպրոցները ևս կհանձնվեն ՀՀ կառավարության վերահսկողությանը։ Ութ մարզ արդեն իսկ աստիճանաբար հանձնվել է պետության վերահսկողությանը՝ ծրագրի կայունությունն ապահովելու համար։
Ծրագրի հաջող ազգայնացման արդյունքում Հայաստանի կառավարությունը վերջերս ստորագրել է մտադրությունների նամակ և միացել է «Դպրոցական սնունդ» համաշխարհային կոալիցիային: