Հայաստանի նախագահը պետք է կաշկանդված լինի միայն Սահմանադրությամբ, իսկ գործողությունները պետք է ուղղված լինեն պետականության ամրապնդմանը՝ հայտարարել է Հանրապետության ընտրված նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Գնահատե՞լ եք, թե ի՛նչ լրջագույն պատասխանատվության տակ է գտնվում Հայաստանի նախագահն այս գործող լիազորություններով: Սա ամենապատասխանատու պաշտոնն է Հայաստանում»,- ասաց Խաչատուրյանը:
Խաչատուրյանի խոսքով՝ ՀՀ նախագահն արտաքին քաղաքականություն ձևավորելու հարցում որևէ մասնակցություն չունի:
«Ես առաջնորդվելու եմ այն ծրագրով, որ Կառավարությունն ընդունել է միջազգային հարաբերություններում: Ես այլ օրակարգ ինձ մոտ չեմ կարող ունենալ: Գտնում եմ, որ ՀՀ նախագահի օրակարգը հատկապես արտաքին քաղաքականությունում չի կարող այլ լինել, քան Կառավարության արտաքին քաղաքականության օրակարգը»,- ասաց Խաչատուրյանը: