Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձավ ռուս-ուկրաինական իրադարձությունների ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա:
«Տնտեսական առումով լրջագույն մարտահրավերներ են, անկանխատեսելի երևույթներ կարող են տեղի ունենալ, որովհետև ոչ մի լավագույն տնտեսագիտական վերլուծություն կամ վերլուծաբան չէր կարող պատկերացնել, որ կարճ ժամանակում մեր ամենամեծ տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, կարող էր հայտնվել այսպիսի լուրջ տնտեսական սահմանափակումների մեջ:
Դրանից բխող հետևանքները կանխատեսել մասամբ կարող ենք, բայց ոչ ամբողջապես: Պետք է կարողանանք պատրաստել մեր ֆինանսական համակարգն այնպես, որ կարողանա մեր քաղաքացիներին սպասարկել ու բավարարել այն մարդկանց պահանջները, ովքեր Հայաստան են ժամանել ու այստեղ կամենում են տնտեսական գործակցություն կազմակերպել»,- ասաց Խաչատուրյանը:
Խաչատուրյանը խոսեց նաև այս իրադարձություններին զուգահեռ կանխատեսվող գնաճի մասին:
«Կառավարության առջև խնդիր կա՝ սպասվող ինֆլյացիայի դեմն առնել: Տարբեր գործիքակազմ կա, որոնցից մեկն ապրանքային պաշարներն ունենալն է: Համաշխարհային շուկայում ցորենի գինը միանգամից աճեց, չգիտենք՝ ոնց կլինեն նավթի գները: Վատատեսական սցենարը պետք է ունենանք, բայց հասարակության ու գործարարների շրջանում մեր տրամադրությունները ոչ թե պետք է իրականացնենք այդ վատատեսական սցենարի շրջանակում, այլ ավելի մեղմ այն սցենարներում, որտեղ մարդիկ պետք է համոզված լինեն, որ պետության կողմից ամեն ինչ արվում է բիզնես շրջանակներին ու սոցիալապես անապահով քաղաքացիներին աջակցելու: Ի վերջո, այս ամենը կարող է բերել նրան, որ մեր բյուջեում եկամուտների նվազում տեղի ունենա»,- ասաց նա: