2021 թվականի 620 սուբվենցիոն ծրագրից 447-ը փաստացի ավարտված է, 173-ն ընթացքի մեջ է: Կառավարության նիստի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ինչ վերաբերում է 2022 թվականին, ապա նախարարը նշեց, որ, ըստ վերլուծությունների, ընտրված թիրախներն արդարացված են:
«Մեզ համար կարևոր թիրախներ են մանկապարտեզների կառուցումը, խմելու և ոռոգման համակարգերը և ճանապարհները: Եթե նայենք ստացված հայտերին, ապա այս երեք ուղղությամբ ամենաշատ հայտերն ունենք այս տարի: Ընդհանուր առմամբ 457 հայտ է և 78.2 մլրդ դրամ: Իհարկե, այս թիվը վերջնական չէ, դեռ պետք է այս հայտերը մեր գործընկերների հետ համատեղ քննարկենք, հավանության արժանացնենք, և նախագծման աշխատանքներ լինեն, որոնք այս թիվը կփոխեն, բայց ուրախացնող է այն, որ մեր երեք թիրախային ուղղություններն ամենամեծ ծավալն ունեն: Ունենք 173 մանկապարտեզի հայտ, որոնցից 38-ն ամբողջովին նոր մանկապարտեզների մասին է, մյուսները կա՛մ հիմնանորոգվում են կա՛մ վերանորոգվում ու բարեկարգվում»,- ասաց Սանոսյանը:
«Մենք խնդիր ենք դրել մինչև 26 թիվը 500 մանկապարտեզ կառուցել: Եթե թվերը ճիշտ են արտահայտում պատկերը, ապա մինչև 2026 թվականն ակնհայտորեն 500-ից ավելի մանկապարտեզ կկառուցենք: Մանկապարտեզներ կառուցելու նախընտրական խոստման իրականացումը, ըստ էության, արդեն դրվում է ռելսերի վրա, և դա շատ լավ է, և հիմա պետք է կենտրոնանանք դպրոցների առումով»,- նշեց ՀՀ վարչապետը: