Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանը մեկնարկեց նոր կազմով. լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամներին փոխարինեցին ընտրացուցակի հաջորդ թեկնածուները: Որոշվեց նաև վաղաժամկետ դադարեցնել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները. պատճառը բացակայություններն էին:
Արմեն Գալջյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար - Տիկին Մխոյանը բացակայել է մոտ 20 անգամ: Պետք է օբյեկտիվորնե ասեմ, որ իմ թված բացակայությունների մի մեծ մասն օբյեկտիվ պատճառներ ունի, և այդ հատվածը չենք ներառել այս նախագիծը ներկայացնելիս: Այս հարցի մասին նախորդ ամռանն ենք իր հետ խոսել, նախնական համաձայնության եկանք, որ ակտիվություն ցուցաբերի, բայց այդպես չեղավ:
Բացակայությունների թույլատրելի շեմը հատած ուրիշ անդամներ էլ կան, նրանց դեպքում այլ լուծումներ են տրվելու՝ վստահեցրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: Շեշտեց՝ քաղաքական պատճառներ չկան:
Իզաբելլա Աբգարյան, Երևանի ավագանու անդամ - Ինքս դա համարում եմ քաղաքական վրեժխնդրություն և կանանց իրավունքների ոտնահարում:
Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար - Ոչ մի տրամաբանություն չկա ասելու, որ կին է, ֆիզարձակուրդում է գտնվում, դրա համար են իր լիազորությունները դադարեցնելու: Ինչ վերաբերում է Մարությանի հրաժարականի ստորագրահավաքին միանալ-չմիանալուն, տիկին Աբգարյան, դուք էլ կարող էիք ձեր մանդատը վայր դնել, ուղղակի ավելի շուտ հասցրիք վայր դնել: Եվ հիմա ավագանու անկախ անդամ եք, դա չի ընկալվում, դուք այստեղ եկել եք ներկայացնելու Մարությանի շահերը, ամեն ինչ փորձում եք անել, որ ցույց տաք՝ ինչքան լավ էր Մարությանի ժամանակ: Այնքան վնաս, որքան Մարությանը ՏԻՄ-ին հասցրեց, դժվար է գնահատել:
Հաջորդ օրակարգային հարցերով ավագանին հավանություն տվեց քաղաքապետի տեղակալների նշանակմանը՝ Առողջապահության արդեն նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին, Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Գրիգորյանին և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանին։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց՝ Գևորգ Սիմոնյանը համակարգելու է առողջապահության և սպորտի ոլորտները, Սուրեն Գրիգորյանը կզբաղվի իրավական, առևտրի և գովազդի հարցերով, Ստեփան Մաչյանն էլ քաղաքաշինության բլոկը կկոորդինացնի: Ֆինանսական, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներն էլ լինելու են ավագանու տարեվերջյան նիստում քաղաքապետի առաջին տեղակալ նշանակված Լևոն Հովհաննիսյանի վերահսկողության տակ:
Նոր հուշատախտակներ, անվանակոչված դպրոց և փողոց: Ավագանու որոշումներով կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի, օպերային երգչուհի Արաքսյա Դավթյանի, գրող Էդուարդ Ավագյանի և բժիշկ Իվան Գևորգյանի անուններով հուշատախտակներ կտեղադրվեն մայրաքաղաքում: Երևանի թիվ 171 հիմնական դպրոցը կանվանակոչվի հայ շախմատիստ, օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անունով։ Մեկ այլ որոշմամբ էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հրաչյա Ներսիսյան փողոցից դեպի Ավետիս Ահարոնյան փողոց ձգվող ճանապարհահատվածը կանվանակոչվի գրականագետ Լևոն Ներսիսյանի անունով :
Առաջնային շարունակում է մնալ տրանսպորտի խնդիրը, կանգառներում երկար սպասող ուղևորներ կան: Ավագանու անդամների հետ համակարծիք է քաղաքապետը: Քաղաքապետի խոսքով՝ 10-օրյա ժամկետում երկու նոր ուղեգիծ կլինի, առաջիկայում տրանսպորտային հարցի կարգավորմանն առանձին ասուլիսով կանդրադառնա:
Խնդիրներ շատ ոլորտներում կան, միայն հաստիքացուցակ ավելացնելով քաղաքապետարանի աշխատանքն ավելի արդյունավետ չի դառնա՝ շեշտում է քաղաքապետ Սարգսյանը: Վարչությունների աշխատանքը թվայնացվելու է, սա սպասվող փոփոխություններից ընդամենը մեկն է:
Հրաչյա Սարգսյան, Երևանի քաղաքապետ - Պետք է հասկանանք՝ այդ վարչության աշխատողը ժամը 9-ին գալիս է, ժամը 18:00-ին գնում, ի՞նչ է անում։ Նստում է համակարգչի դիմաց, ի՞նչ գործ է անում: Սուրճ է խմում, բամբասում, այս սենյակից այն սենյակ գնում, ասում՝ սա այն ասաց, նա այն ասաց։ Այսինքն՝ մարդիկ, որ ժամանակ ունեն բամբասելու, աշխատում են քաղաքապետարանում, դա նորմալ չէ։ Ես դա չեմ հանդուրժելու: Հարկատուները մեզ փող չեն տալիս, որ աշխատանքի ժամին «սթորի» գցենք։ Կա՛մ ժամը 18:00-ից հետո պետք է «սթորի» գցենք, կա՛մ ընդմիջման ժամին:
Ելույթների ժամին ավագանու անդամները համայնքին վերաբերող տարբեր առանձին խնդիրներ բարձրացրին. կուսումնասիրեն, կքննարկեն, լուծումներ կտան՝ վստահեցրեց քաղաքապետը: Լիահույս է՝ այդ համակարգերը կարճ ժամանակում կսկսեն աշխատել, այդպիսով կբացառվեն համայնքային մի շարք խնդիրներ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան