Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել է Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» մարդասիրական ասոցիացիայի նախագահ Սերժ Քուրքդջյանին, կազմակերպության քարտուղար Ֆրանկ Գարաբեդյանին և կազմակերպության հայաստանյան գործընկեր Սարգիս Մարկոսյանին: Ողջունելով հյուրերին՝ մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել ասոցացիայի ներկայացուցիչներին մարզին շարունակաբար աջակցելու համար:
«Ֆրանսիան մեզ՝ հայերիս համար շատ հոգեհարազատ երկիր է։ Մենք պատրաստակամ ենք շարունակել գործակցել Ձեզ հետ տարբեր ծրագրերի շուրջ և աջակցել իրականացվող աշխատանքներին»,- ասել է նա։
Հյուրերը ներկայացրեցրել են անցած տարիներին կազմակերպության կատարած աշխատանքները, ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, քննարկվել են նաև հետագա անելիքները։ Մասնավորապես՝ խոսվել է Սպիտակ համայնքի թիվ 2 դպրոցի հետ սերտ համագործակցության մասին, որտեղ դպրոցական ծրագրով ներառվել է ֆրանսերենի ուսուցումը, վերանորոգվել է մարզադահլիճը, զինվել նոր մարզասարքերով։
Կազմակերպության ջանքերով Ստեփանավան համայնքում արդեն մոտ 20 տարի գործում է բարեգործական ճաշարան, որն այժմ վերանորոգվում է, և իր դռները կբացի հուլիս ամսին։ Վերջերս իրականացված ծրագրի շրջանակում Լոռու մարզում կացարան չունեցող անապահով մեկ ընտանիքի համար բնակարան է կառուցվել։ Նախատեսում են կառուցել նաև երկրորդը, և այս ծրագիրը ևս շարունակական դարձնել։
Երկուստեք առաջարկներ են եղել նաև Արցախյան երկրորդ պատերազմից հետո մարզում ապաստան գտած արցախցիների կեցության պայմանները բարելավելու վերաբերյալ: Նախաձեռնություն կա իրականացնելու կրթական, վերաբնակեցման և աշխատանքի տեղավորման ծրագրեր:
Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել ձևավորելու աշխատանքային խումբ, որը հետևողականորեն կզբաղվի այդ ծրագրերի իրականացմամբ։