Ասիական երկրների բնակիչները պատրաստվում են Լուսնային նոր տարուն, որն այս անգամ էլ շատ երկրներում համեստ կնշվի՝ COVID-19 «Օմիկրոն» շտամի տարածման պատճառով՝ հաղորդել է Associated Press-ը:
Չինաստանում Լուսնային նոր տարին համարվում է տարվա ամենակարևոր տոնը, և այս անգամ այն կնշվի փետրվարի 1-ին։ Գալիք յուրաքանչյուր նոր տարի կոչվում է չինական կենդանակերպի 12 նշաններից մեկի անունով: Այս անգամ Ցուլի անցնող տարվան կփոխարինի Վագրի տարին, և շատ չինացիներ հուսով են, որ կորոնավիրուսի համաճարակն այս տարի կնահանջի, քանի որ վագրին են վերագրում այն ուժերը, որոնք կօգնեն աշխարհին հաղթել COVID-19-ին։
Երրորդ անգամ Լուսնային նոր տարին անցկացվում է COVID-19-ի համաճարակի պայմաններում։ Այս տարի էլ աշխարհը կորոնավիրուսի հերթական ալիքի մեջ է, այս անգամ տարածվում է օմիկրոն շտամը, որն ավելի վարակիչ է և մարդուց մարդուն ավելի արագ է տարածվում, քան նախորդ շտամները։
Այս տարի էլ նոր տարին ավելի զուսպ կնշվի, լայնածավալ միջոցառումներ չեն լինի: Թաիլանդում, օրինակ, չեղյալ են հայտարարվել հրավառությունները, Սինգապուրում մարդիկ կարող են օրական հյուրընկալել մինչև հինգ հոգու: