Բլոգեր Վանը արդեն մի քանի տարի է՝ ապրում, սիրում, աշխատում է Հայաստանում։ Չինացիներին իր տեսանյութերի միջոցով պատմում է մեր երկրի գեղեցիկ վայրերի, մարդկանց ու արդեն իր կենցաղի մասին։ Ճանապարհորդում է գյուղերում, քաղաքներում, նկարում տեսանյութեր ու ներբեռնում իր ալիքում՝ «Վանը՝ Հայաստանում»։
Եկել է Չինաստանից։ Մի օր ցույցի ժամանակ ծանոթացել է Մարիամի հետ ու որոշել մնալ այստեղ։ Հաղթահարել է որոշ դժվարություններ, մինչև նորից եկել է ու ամուսնացել Մարիամի հետ։
Հիմա միասին են պատմում հայկական հյուրընկալության մասին, տեսանյութերի միջոցով նաև նպաստում զբոսաշրջության զարգացմանը։
Մարիամ Զաքարյան (բլոգեր) - Շատ չինացիներ, նայելով մեր տեսանյութերը՝ իմացել են Հայաստանի մասին։
Վանը սիրում է հայերին ու Հայաստանը։ Կարծում է, որ այստեղ անվտանգ է։ Կերակուրներից էլ նախընտրում է բոզբաշը։ Մարիամն ասում է, այստեղ էլ իր չինացի ամուսնուն են ջերմ ընդունում։
Հայերը հպարտանում են, որ, տեսեք՝ չինացին եկել է այստեղ, մեր լեզուն է սովորել։ Ես էլ եմ հպարտանում։
Նույն պատկերը ընտանիքում է։
Մամաս ինձնից շատ է սիրում Վանին։ Զանգում է՝ միանգամից հարցնում՝ Վանը ո՞նց է, ասում եմ՝ մա՛մ ջան, ես էլ եմ լավ։
Վան Յին (բլոգեր) - Եղել եմ շատ երկրներում, բայց հայերը շատ տարբեր են, օրինակ՝ երբ գնում եմ ինչ-որ մի տեղ, որևէ քաղաք կամ գյուղ, մարդիկ մոտենում, ընկերական զրուցում են ինձ հետ, ասում են՝ բարև, որտեղի՞ց ես, ասում եմ՝ Չինաստանից։ Հարցնում են, թե հայերեն սովորո՞ւմ եմ, ես էլ պատասխանում եմ, որ մի քիչ սովորում եմ։
Դեռ լավ չի խոսում հայերեն, բայց աշխատում է իր վրա, սովորում է մարդկանց հետ շփվելու ընթացքում։
«Աստծո բարին, եգիպտացորեն, ձկնկիթ, բարի ախորժակ, զոքո, քյարթու, թզբեհ, չարոխ»
Տարբեր սովորույթներ ունեցող ազգերի ներկայացուցիչները սովորում են մեկը մյուսից՝ Մարիամը՝ Վանից ճշտապահություն, Վանն էլ՝ ավելի ջերմ, շփվող լինել։
Երբեմն Մարիամի հետ տեղ եմ գնում, ու Մարիամը խոսում է ինչ-որ մեկի հետ, հարցնում եմ՝ ծանո՞թ էիք, Մարիամը ասում է՝ ոչ, ասում եմ՝ բա ինչո՞ւ էիր խոսում, ի՞նչ էիք խոսում այդքան իրար հետ, պատասխանում է՝ սա Հայաստանն է։
Ընդհանրապես սովոր չէր, որ մարդիկ իրար տեսնելիս գրկում են, պաչում։ Իրենք մի քիչ խորթ են, սովորեց լինել ջիգյարով՝ հայի պես։
Չնայած կենցաղի ու սովորույթների տարբերությանը՝ գտել են նմանություններ։ Երկու ազգերն էլ սիրում, կարևորում են ընտանիքը։ Վանն էլ շարունակում է սովորել, չզարմանալ Հայաստանում, պատմել մեր երկրի մասին ու, իր բառերով ասած՝ մաքուր հայ տղա լինել։
Հեղինակ՝ Անի Ավագյան