Նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետում գրված է՝ նախ բացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, երկրորդ՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ բոլոր մեկնաբանությունները մանրամասն ձևակերպված են ԱԳՆ երեկվա հայտարարության մեջ:
Վարչապետը նշեց, որ ՀՀ-ն շահագրգռված է բոլոր ճանապարհների բացմամբ:
«Ես մեկ անգամ չեմ ասել, որ մենք պատրաստ ենք և շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմամբ այն ընկալմամբ, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն ստանան Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության տարածքով, ՀՀ-ն էլ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ հաստատի Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաև ավտոմոբիլային հաղորդակցություն Ադրբեջանի տարածքով՝ ՌԴ-ի հետ: Կարծում ենք, որ պետք է գնանք այս տրամաբանության լուծումների, և մենք կարծում ենք, որ այն, ինչ որ առաջարկում ենք և ինչ արձանագրել ենք ԱԳՆ նախորդ օրվա հայտարարության մեջ, լիարժեք համապատասխանում է մեր երկրի շահերին»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ ինքը չի հասկանում այն հռետորաբանությունը, որ Հայաստանի բոլոր ճանապարհները պետք է փակել, որպեսզի ոչ ոք մեր ճանապարհով չանցնի:
«Այդպես չէ. որովհետև ընդհակառակը՝ այդ տրամաբանությունը միշտ առաջ են քաշել նրանք, ովքեր ցանկացել են, որ Հայաստանով տրանզիտ չլինի, Հայաստանի տրանսպորտային ուղիները փակ լինեն և այդպես շարունակ»,- ասաց վարչապետը: