Դեկտեմբերի 13-19-ն անցկացվելու է հայրենադարձության շաբաթ՝ օնլայն և օֆլայն միջոցառումներով, հանդիպումներով: Նախաձեռնողը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է: Անմիջական շփումներով մասնագետները կպատասխանեն նրանց հարցերին, ովքեր որոշել են հայրենադարձվել կամ դեռ ունեն կասկածներ:
2018-2020 թթ. շուրջ 32000 հայրենակից ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն: Հայրենիք վերադառնում են նաև այսօր: Որպեսզի վերադարձողներն ավելի շատ լինեն, ավելի լավ միջավայր ու պայմաններ են ստեղծվում: Այս պահին էլ կան արտոնություններ, որոնք կօգնեն վերադարձող հայրենակիցներին ավելի արագ հարմարվել նոր միջավայրին:
Նաև հիմա համագործակցում են տարբեր ընկերությունների հետ, որ հայրենադարձված հայրենակիցներն արագ գտնեն աշխատանք: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում ևս աշխատակիցների մոտ կեսը հայրենադարձված են՝ Արգենտինա, Լիբանան, Գերմանիա, ՌԴ, Բելգիա, Ֆրանսիա, Իսրայել:
Գրասենյակի աշխատակիցներից մեկն է Մարգարիտան, ԱՄՆ-ից է վերադարձել՝ 16 տարի այնտեղ ապրելուց հետո: Արդեն 2 տարի է՝ հայրենիքում հայրենադարձվող հայրենակիցներին հուզող հարցերով է զբաղվում:
Մարգարիտա Բաղդասարյան (սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փորձագետ) - Մի քանի ամիս շարունակ ես աշխատեցի հայրենադարձության հակիրճ գրքույկի վրա:
Գրքույկն այժմ մի քանի լեզվով է հասանելի՝ արևելահայերն, արևմտահեյերն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, հիմա աշխատում են ֆրանսերեն տարբերակի վրա: Հասանելի է նաև օնլայն տարբերակով: Մարգարիտան սեփական օրինակով վստահեցնում է՝ շատ դեպքերում դժվարությունների պատճառը տեղեկատվական բացն է: Վստահեցնում է՝ ճիշտ չէ տարածված կարծիքը, թե սփյուռիքից վերադառնալ էլ չեն ցանկանում:
2 տարի Հայաստանում ապրելուց հետո որոշման մեջ ավելի հաստատուն է՝ մնալու է, խոստովանում է՝ ընտանիքը՝ ծնողները, քույրը, եղբայրը ևս մտածում են վերադարձի մասին:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան