300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցում, հիմնանորոգում, վերանորոգում. Կառավարության հնգամյա ծրագրում ամրագրված այս նպատակին հասնելու համար ակտիվ աշխատում են տարբեր գերատեսչություններ՝ միավորելով ջանքերը:
Կրթական հաստատությունների մի մասի շինարարությունն արդեն ավարտվել է, մի մասի դեպքում գործընթացն է սկսվել, մյուսներին էլ հերթը կհասնի առաջիկա տարիներին: Հաշվի առնելով, որ ծրագրի ծավալները մեծ են, Քաղաքաշինության կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել: Կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ դրանք թույլ կտան դյուրացնել քաղաքաշինական ծրագրերի իրագործումը՝ ապահովելով ե՛ւ արագություն, ե՛ւ որակ:
Դավիթ Գրիգորյան (Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - Նախ ասեմ, որ մենք այս տարվա սկզբին փոխեցինք սեյսմակայուն շինարարության նորմերը, որոնք հնարավորություն կտան ավելի որակյալ ու ավելի սեյսմակայուն շենքեր կառուցել, մասնավորապես, դպրոցներ և մանկապարտեզներ:
Մեկ այլ փոփոխությամբ հիմքեր են ստեղծվում, որպեսզի միևնույն նախագծով հնարավոր լինի կրթական հաստատություններ կառուցել մի քանի բնակավայրում, քանի որ միայն նախագծման աշխատանքների համար գրեթե 7 ամիս է պահանջվում:
Դավիթ Գրիգորյան - Դա ևս մի քայլ է՝ արագացնելու համար մեր քաղաքաշինական ծրագրերը: Նախագծման համար մենք բավական ժամանակ ենք ծախսում: Այսպես մենք մի որակյալ նախագիծ պատվիրեով և հաստատելով՝ այդ նախագիծը բազմիցս կկիրառենք այլ տեղերում:
Քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն ասում է՝ Կառավարության ծրագրով նախանշված թիրախներին հասնելու համար ներկայումս տարբեր աշխատանքներ են իրականացվում ավելի քան 100 կրթական հաստատությունների վերաբերյալ՝ տարածքի ուսումնասիրում, նախագծում կամ բուն շինարարություն:
Արսեն Միրզոյան (Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ) - Մասնավորապես, ունենք բազմաթիվ օբյեկտներ, որոնք նախագծման գործընթացների մեջ են, Կապանում՝ օբյեկտների կառուցման, նախագծման գնման գործընթաց, կամփոփվի և մինչև տարեվերջ կմեկնարկեն դրանց նախագծման աշխատանքները, և եթե խոսենք շինարարական ծրագրերի մասին, ներկա պահին ընթացքի մեջ են շուրջ 30 օբյեկտների շինարարական ծրագրեր:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Կապանում նախատեսված ծրագրին, փաստեց, որ սա իր բնույթով և էությամբ նոր կրթական ծառայություն է, որը պետք է նպաստի կրթության որակն էապես բարելավելուն:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Այստեղ մենք նախատեսում ենք Կապան խոշորացված համայնքի 31 գյուղական բնակավայրերի համար ստեղծել 13 նման արդիական ենթակառուցվածքներ, որոնք իրենց բնույթով լինելու են կրթահամալիրներ:
Այսինքն՝ մեկտեղվելու են նախադպրոցական և դպրոցական ծառայությունները: Նոր մոդելի կրթահամալիրներ հաճախելու են ոչ միայն տվյալ, այլ նաև շրջակա բնակավայրերի երեխաները: Նրանց անվտանգ փոխադրումն ապահովելու համար տրանսպորտ կհատկացվի, կլինեն ուղեկցորդներ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան