ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին՝ եթե Հայաստանն այս պահին գնա սահմանազատման և սահմանագծման, արդյոք դա չի՞ նշանակի Արցախից հրաժարում և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ներառյալ ԼՂ տարածքը:
«1991 թվականին, երբ անկախացել են մեր պետությունները, փոխադարձաբար իրենց տարածքային ամբողջականությունը ճանաչել են: Այն ժամանակ նշանակե՞լ է՝ ՀՀ-ն Արցախի իրավունքներից հրաժարվում է: Նշանակե՞լ է ...
Սահմանազատման և սահմանագծման հետ կապված կասեմ, որ դա գործընթաց է, որը պետք է մանրամասն բանակցվի, և ՀՀ-ն պետք է իր իրավունքները, շահերը և տարածքային ամբողջականությունը պաշտպանի: Սա աներկբա է: Մենք պետք է ՀՀ ասելով հասկանանք ոչ թե ինչ-որ ամորֆ բան, որը ձև ու սահման չունի, այլ պետք է հասկանանք կոնկրետ տարածք՝ միլիմետրի ճշգրտությամբ: Սա է մեր ինքնիշխանությունը պաշտպանելու ամենակարևոր անկյունաքարային երաշխիքը, որովհետև մենք միջազգային իրավունքի սուբյեկտ ենք կոնկրետ տարածքում»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև Գորիս-Կապան ավտոճանապարհի վիճելի հատվածին:
«Շատ է քննարկվում, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը չգիտեմ՝ որ թվի քարտեզով ՀՀ տարածքում է: Որևէ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզով՝ ոչ թե ամբողջ ճանապարհը, այլ ճանապարհի մի փոքր կոնկրետ հատվածը ՀՀ տարածքում չէ: Եվ մենք այս արձանագրումով անում ենք ոչ թե պրոադրբեջանական հայտարարություն, այլ այս հայտարարությունով ենք հիմնավորում, որ Ադրբեջանն ագրեսոր է: Պարզ է, թե որոնք են Հայաստանի սահմաններն ու տարածքը: Բոլոր նրանք, որոնք ասում են՝ պարզ չէ, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին, որը ևս ասում է՝ սահմանները հստակ չեն: Ո՛չ, հայտնի է, թե որտեղ է սկսվում և ավարտվում Հայաստանը, և դրա համար կան դե յուրե հիմքեր: Եվ մենք ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պատկերացնում ենք այդ սահմաններում: Եվ այդ սահմանը հատելու բերումով ենք Ադրբեջանին անվանում ագրեսոր և դա անում ենք արդարացի»,- ասաց վարչապետը: