Մուրադյանների ընտանիքը զույգ որդիների լույս աշխարհ գալուց հետո դիմել է Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրից օգտվելու համար:
Դավիթ Մուրադյան (շահառու) - Համապատասխան թղթերը ներկայացնելուց հետո, քանի որ միաժամանակ էին ծնվել երեխաները, Ներսեսինը բավարարեցին: Մաքսիմում գումարը 2 միլիոն է, հենց 2 միլիոն էլ բավարարեց բոլոր պայմաններին, վարկից մարում տվեցին, իսկ Ստեփանինս մերժեցին:
Պատճառը սահմանված կարգն էր, ըստ որի՝ միաժամանակ մեկից ավելի երեխաների ծննդի դեպքում աջակցություն տրվում էր բացառապես մեկ երեխային: Որպեսզի 2-րդ երեխայի համար էլ աջակցություն ստանա, Դավիթը դիմեց նախ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ապա՝ Կառավարություն: Հիմա գոհ է: Ասում է՝ Կառավարությունը վերանայել է սահմանված կարգը:
Դավիթ Մուրադյան - Օրենքի մեջ փոփոխություն արեցին, ինձ ըտենց ներկայացրին, որ կապ չունի՝ միաժամանակ երկու ծնունդ է, երեք ծնունդ է, թե 5 ծնունդ է, պետությունը պարտավորվում է, որ յուրաքանչյուրին տրամադրի էդ աջակցությունը:
Մուրադյանները պատրաստվում են 5-րդ, ապա նաև 6-րդ երեխան ունենալ: Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան տեղեկացնում է՝ եղել են դեպքեր, երբ բանկերի կողմից շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տվյալներն ուղարկվել են սահմանված ժամկետից ուշ, որի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում: Այդ խնդիրը ևս կարգավորվել է:
Գայանե Ղարագյոզյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող) - 2020 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին անշարժ գույք ձեռք բերած, այսինքն՝ վարկային պայմանագիր կնքած շահառուները կարող են կրկին դիմել և ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում հաջորդ տարիների վճարումներն իրականացնելու համար:
Մյուս փոփոխությունը վերաբերում է այն շահառուներին, որոնք երեխայի ծննդյան աջակցության ծրագրին չեն հասցրել դիմել մինչև երեխայի 1 տարին լրանալը:
Գայանե Ղարագյոզյան - Անցումային դրույթի շրջանակում սահմանվել է բացառություն, որ 2020 թվականի հուլիս ամսին ծնված երեխաների ծնողները կարող են կրկին դիմել և ընդգրկվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրում՝ անկախ այն հանգամանքից, որ արդեն լրացել է երեխայի մեկ տարին:
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի շահառուները 1720-ն են: Նրանց հատկացված աջակցության չափը կազմում է շուրջ 1 մլրդ 181 մլն դրամ։
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան