Հայաստանի առևտրային բանկերում ներգրավված ավանդների ծավալն աճել է: 2021 թվականի սեպտեմբերի տվյալով՝ բանկերում ներգրավված ավանդների ծավալը կազմում է 3 տրլն 854 մլրդ 279 մլն դրամ, սա 283 մլրդ 622 մլն դրամով կամ 7.9 տոկոսով ավելի է 2020-ի (3 տրլն 570 մլրդ 657 մլն դրամ) և 582 մլրդ 186 մլն դրամով կամ շուրջ 17.8 տոկոսով 2019-ի (3 տրլն 272 մլրդ 93 մլն դրամ) սեպտեմբերի ցուցանիշից: Ներգրավված ավանդներից 2 տրլն 969 մլրդ 732 մլն դրամը ռեզիդենտների կողմից է, 884 մլրդ 547 մլն-ը՝ ոչ ռեզիդենտներից:
Անդրանիկ Գրիգորյան, ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն - Բանկերի նկատմամբ հասարակության վստահությունը շարունակում է բարձր մնալ, քանի որ ինչպես պատմությունը ցույց տվեց՝ բանկերը մշտապես պահպանել են իրենց գործունեության կայունությունը: Որևէ դեպքում, որևէ ռիսկ հասարակության համար, խնայողություն ունեցողների համար, ավանդատուների համար չեն ձևավորվել:
Տնտեսագետները ևս դրական են գնահատում ավանդների աճը՝ միևնույն ժամանակ նշելով, որ կա նաև բացասական կողմ:
Հայկ Մնացականյան, տնտեսագետ - Ակնհայտ է, որ ունենք կայացած բանկային համակարգ, որը, ըստ էության, կլանում է ռիսկերը, և մարդիկ, մասնավոր հատվածը, ձեռնարկությունները, իրենց ներդրումները կամ ավել գումարները ներդրում են կատարում ավանդների տեսքով: Դա դրական կողմը կարելի է ֆիքսել, բայց գլոբալ առումով երևույթի բացասական կողմն այն է, որ ըստ էության չունենք այլընտրանքային մի համակարգ: Խոսքն արժեթղթերի շուկայի մասին է, որտեղ մարդիկ կարող են կատարել ներդրումներ:
Անդրանիկ Գրիգորյան - Մենք չունենք լավ զարգացած, խորը իրացվելիք կապիտալի շուկա, որպեսզի ունենանք այլընտրանքային գործիքներ, ավանդներ, չնայած կան որոշակի կորպորատիվ պարտատոմսեր, որոնք արժեթղթի տեսակ են, ունենք պետական պարտատոմսեր՝ արժեթղթի տեսակ են: Այսինքն՝ կան անձինք, որոնք ներդրումներ են իրականացնում նաև նման արժեթղթերում: Ավանդներում ներդրումները ֆիզիկական անձանց համար հատկապես ենթադրում են հնարավորինս ցածր ռիսկային ներդրումներ, եթե հաշվի առնենք՝ գործում է ավանդների երաշխավորման հիմնադրամի գործոնը:
Փոքր ինչ գերակշռում են արտարժույթով ավանդները, որոնք կազմում են 1 տրլն 967 մլրդ 414 մլն դրամ կամ 51 տոկոս, դրամով ավանդները կազմում են 1 տրլն 886 մլրդ 865 մլն դրամ կամ 49 տոկոս:
Հայկ Մնացականյան - Հետևողականորեն նվազում են արտարժույթով ավանդները և աճում են դրամով ավանդները: Դա խոսում է այն մասին, ինչպես դուք նշեցիք, վստահություն դրամի հանդեպ, բայց այստեղ խիստ կարևոր է նաև Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականությունը, որ այդ վստահությունը երկարաժամկետ բնույթ կրի:
ԿԲ պաշտոնյան էլ ընդգծում է՝ ավանդներ ներգրավելու համար բանկերն իրար նման պայմաններ են առաջարկում և այս առումով մեծ մրցակցություն կա, խոսելով դրամով ավանդների մասին՝ նա նշում է:
Անդրանիկ Գրիգորյան - Պետք չէ մտածել այլ արժույթներով, պետք է մտածել միայն դրամով և պետք է համարժեք դարձնել դրամային եկամուտները և, հետևաբար, նաև դրամային ծախսերը, որպեսզի լրացուցիչ արտարժութային ռիսկ չվերցնեն իրենց վրա: Մենք դանդաղ, բայց գնում ենք դեպի դրամայնացման՝ թե՛ ավանդների և թե՛ վարկերի:
Ինչ վերաբերում է բանկերի և վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերին, ապա սեպտեմբերին դրանց ծավալը կազմել է 3 տրլն 903 մլրդ 71 մլն դրամ, ինչը 153 մլրդ 327 մլն դրամով կամ շուրջ 3.8 տոկոսով պակաս է 2020-ի սեպտեմբերի ցուցանիշից, սակայն 454 մլրդ 921 մլն դրամով կամ շուրջ 13.2 տոկոսով ավելի է 2019-ի սեպտեմբերի ցուցանիշից:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան