Հայաստանում առաջին անգամ ջրի վրա լողացող արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի: Այն իր տեսակի մեջ առաջինն է լինելու նաև տարածաշրջանում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ու ֆրանսիական «Տրանսէներգիա» ընկերության կողմից:
Կարեն Ասատրյան (Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն) - Միասին դիմել ենք Ֆրանսիայի կառավարությանը և ստացել ենք 800 հազար եվրոյի դրամաշնորհ, որով նախատեսվում էր ուսումնասիրել Հայաստանում լողացող ֆոտովոլտային կայանների կառուցումը, գնահատվել է Հայաստանի ջրային ներուժը: Հայաստանում 500 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ կարող են կառուցվել:
Մասնագետները դիտարկում էին ֆոտովոլտային կայանի տեղադրման երեք տարածք՝ Երևանյան լիճը, Ապարանի և Ազատի ջրամբարները: Ընտրությունը Երևանյան լճի վրա կանգ առավ, կայանը կգործարկվի եկող տարվա սեպտեմբերին:
Կարեն Ասատրյան - Երևանյան լճի վրա նախատեսվում է կառուցել փորձնական 150 կվտ հզորությամբ ֆոտովոլտային լողացող կայան, սա, իհարկե, նաև Հայաստանի համար լավ հնարավորություն է, որ արևային այս տեխնոլոգիան էլ հզորանա:
Կարեն Ասատրյանը գիտի, որ բնապահպանների կողմից եղել է անհանգստություն՝ արևային կայանի՝ Երևանյան լճի էկոհամակարգի վրա թողած ազդեցության հետ կապված: Վստահեցնում է՝ իրականացվել է ուսումնասիրություն տվյալ լճի ֆլորայի և ֆաունայի վերաբերյալ, անցկացվել հանրային լսումներ, ու բոլոր կողմերից ստացել են դրական եզրակացություն:
Ասատրյանը հավելեց՝ լճի վրա բացասական ազդեցություն չի ունենա նաև այն պատճառով, որ բոլոր սարքավորումները էկոլոգիապես մաքուր նյութերից են ու ներկրվելու են Եվրոպայից: Նրա խոսքով՝ աշխարհում նման կայաններ կառուցում են նաև խմելու ջրի ավազանների վրա: Նախատեսվում է նաև բարեկարգել Երևանյան լճի տարածքը: Կարեն Ասատրյանը հիշեցրեց՝ Հայաստանը հաստատել է 2030 թվականի վերականգնվող էներգիայի ռազմավարական ծրագիրը, որով նախատեսվում է մինչև 1000 մեգավատ հզորության ֆոտովոլտային կայաններ կառուցել:
Կարեն Ասատրյան - Վերջին տարիներին մեր հիմնադրամի կողմից իրականացվել է 2 միջազգային մրցույթ, որով նախատեսված է կառուցել մեկ հատ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային կայան, մյուսը՝ 55 մեգավատ, կարծում եմ՝ մինչև 2030 թվականը կհասնենք 1000 մեգավատի:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կիսամյակային տվյալներով՝ Հայաստանում արդեն իսկ այլընտրանքային էլեկտրաէներգիա արտադրելու լիցենզիա ունի 25 ընկերություն:
Հեղինակ՝ Անի Օհանյան