ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը: ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 90 աշխատանքային օր:
ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք իրավունք կունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել ինչպես ՀՀ լիազոր մարմին, այնպես էլ օտարերկրյա պետություններում գործող դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ դիմելու դեպքում:
Պատշաճ կապահովվեն Ապաքաղաքացիության կրճատման մասին կոնվենցիայի պահանջները, կբացառվի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո մինչև այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը նախկին ՀՀ քաղաքացու կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում հայտնվելը և իր իրավունքներն իրացնելու համար առանց անձը հաստատող փաստաթղթի մնալու հնարավորությունը: Կկանոնակարգվեն անձի քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու հարաբերություններում իրականացվող վարչարարության ընթացքում իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները:
Քննարկումների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են օտար երկրի քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերին, քաղաքացիությանն առնչվող գործերով վարչարարության պարզեցմանը, էլեկտրոնային հարթակների միջոցով փաստաթղթաշրջանառության իրականացմանը, ինչը կհեշտացնի քաղաքացիների կյանքը:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին: Նա առաջինից երկրորդ ընթերցում որոշ դրույթների առնչությամբ քննարկում կազմակերպելու առաջարկ է ներկայացրել:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի պարզաբանմամբ՝ նախաձեռնության նպատակն է չստեղծել իրավիճակ, երբ անձը, կորցնելով մի պետության քաղաքացիությունը, չկարողանա ձեռք բերել մեկ այլ պետության քաղաքացիություն:
Քվեարկության արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հեղինակների բացակայության պատճառով մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են ««Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», ««Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը վավերացնելու մասին» և ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները: