Փարիզի քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ՝ Փարիզի կենտրոնում գտնվող հատվածներից մեկն անվանակոչվել է Հայաստանի անունով: Պուրակը կընդգրկվի Փարիզի հասցեների պաշտոնական ռեգիստրում և իր տարածքի մեջ կներառի նաև 2004-ին բացված Կոմիտաս Վարդապետի արձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին: Նախագծի հեղինակը Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան է:
*****
Թուրքիայի խորհրդարանին է ներկայացվել 4 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագիծը: Նախագահականի ներկայացրած օրինագծով պահանջվում է դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» 3 և քրդական «Ժողովրդավարական տարածաշրջանային» կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը: Նրանց թվում է նաև հայ պատգամավոր Գարո Փայլանը:
*****
Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական գործակցության զարգացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Կովկասում՝ կարծում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեմ է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի գործակցության ամրապնդմանը և դաշինքի ընդլայնմանը դեպի իր սահմաններ: Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն էլ Միացյալ Նահանգներին մեղադրել է Ուկրաինայի և Վրաստանի հետ Ռուսաստանի տնտեսական և մշակութային կապերը խզելու փորձի համար։
*****
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բնակչությանը ևս մեկ անգամ կոչ է արել պատվաստվել։ Ժնևում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի հետ հանդիպումից հետո, նա ասել է, որ համաճարակը չի անհետանա, դրա համար ավելի լավ է, որպեսզի ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, և դա սկսեն հենց պատվաստումից։ Վրաստանում պատվաստումներն սկսվել են մարտի 15-ից: Մինչև հիմա կատարվել է ավելի քան 1 մլն 800 հազար պատվաստում: Լիովին պատվաստված է չափահաս բնակչության 31 %-ը։
*****
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դժվարությամբ է տեղաշարժվում՝ նրա հետ հետ հանդիպումից հետո հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Աննա Ծիտլիձեն: Հոկտեմբերի 1-ից բանտում գտնվող Սաակաշվիլին 15 օր է` հացադուլ է անում: Երեկ Թբիլիսիում, ի պաշտպանություն Սաակաշվիլու, տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց, որի մասնակիցներն իշխանությունից պահանջել են ազատ արձակել երրորդ նախագահին: Ըստ Միացյալ ազգային շարժում ընդդիմադիր կուսակցության՝ հանրահավաքին ներկա է եղել մոտ 100 000 մարդ:
*****
Բեյրութում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 7-ի: Հինգշաբթի Բեյրութում կրակոցներ են հնչել շիա կուսակցությունների բողոքի ակցիայի ժամանակ, ցուցարարները դժգոհում էին 2020 թվականին նավահանգստի պայթյունի հետաքննության ընթացքից: Ականատեսների վկայությամբ՝ անկարգությունները հրահրել են անհայտ դիպուկահարները, որոնց արձակած կրակոցներից փոխհրաձգություն է սկսվել: Լիբանանի բանակը բացահայտել է հրահրողներին, կան ձերբակալվածներ: Վարչապետ Նաջիբ Միքաթին կոչ է արել հանգստություն պահպանել և թույլ չտալ քաղաքացիական բախումներ: Հոկտեմբերի 15-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ զոհերի: ՄԱԿ-ը միջազգային հանրությունից պահանջում է օգնել Լիբանանին:
*****
Alitalia ավիաընկերությունն իրականացրել է վերջին չվերթը, որից հետո պաշտոնապես դադարեցրել է գործունեությունը՝ սնանկանալու պատճառով: Ավիափոխադրողը ստեղծվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ դառնալով Իտալիայի խորհրդանիշերից մեկը։ Կառավարությունը մտադիր է շուրջ 1,5 միլիարդ եվրո ուղղել նոր ավիափոխադրող ընկերությանը: