Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկեց Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում էր շուրջ 440 համայնքի խոշորացմամբ ստեղծել նոր՝ 38 համայնք: Նիստը սկսվեց այն բոյկոտելու վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությամբ:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Օրակարգ է բերվել մի հարց, որը մեր գնահատմամբ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին, այն համարում ենք հստակ հանցագործություն, և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող լինել օրինական: Մենք հետամուտ ենք լինելու այս հարցի հետագա իրավական ընթացքին, հանրապետության նախագահի ուշադրությունն ենք հրավիրում և պահանջելու ենք նրանից նաև համապատասխան վիճարկում այս հարցի:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Հաշվի առնելով, որ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերը, առաջին հերթին, պարզ տեսանելի, խիստ քաղաքական, անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ է հետապնդում, ինչպես նաև միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկներին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցելու այս հարցի քննարկմանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էլ արձագանքեց՝ 2016 թվականից մեկնարկած գործընթացի հեղինակը այժմյան ընդդիմությունն է:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այս կողմի նստած գործընկերները, ովքեր հիմա չեն մասնակցում, այս ամբողջ պրոցեսի գլխավոր նախաձեռնողները ժամանակին եղել են իրենք կամ իրենցից շատերը, այսինքն՝ այս միավորման, խոշորացման գործընթացը եղել է 2016-2017 թթ., և մեր իշխանությունը, փորձելով որոշակի բարելավել, փոխել, հիմա գործընթացը շարունակում է: Այնպես որ, գործընկերներից շատերը ժամանակին եղել են այս պրոցեսի մաս, նույնիսկ մեր գործընկեր Դավիթ Լոքյանը՝ Դաշնակցության անդամ, եղել է ՏԿԵ նախարար և այս ամենի նաև ջատագով:
Ընդդիմադիրների՝ նիստերի դահլիճը լքելուց հետո, Սանոսյանը մանրամասներ ներկայացրեց օրենքի նախագծից: Նախարարի խոսքով՝ առկա վարչատարածքային բաժանումը լուրջ խոչընդոտ է ստեղծում համայնքների զարգացման համար: Դրանք առավել ակնառու են հատկապես 3000-ից փոքր բնակչություն ունեցող համայնքների դեպքում:
Գնել Սանոսյան - Այս պրոցեսների արդյունքում կգա ժամանակ, որ բնակիչը կկարողանա իր գյուղում իրավաբանական անձ ձևակերպել, զագսավորվել, ստանալ կադաստրի վկայական և այլն: Մինչև հիմա ցեխոտ ճանապարհով էր գնում, միավորման արդյունքում ճանապարհն էլ կսարքենք, մաքուր ճանապարհով կգնա համայնքապետարան:
2016-ին մեկնարկած համայնքների խոշորացման ծրագրի հերթական փուլի իրագործմանը խոչընդոտել էին համավարակն ու պատերազմը:
Գնել Սանոսյան - Մեր երկրում կարծես քաղաքական իրավիճակը կայունացել է ընտրություններից հետո, և սրան զուգընթաց՝ հիմա աշնանը Հայաստանի համայնքների մեծ մասում ունենք ընտրություններ, և շատ տրամաբանական է, որ մենք հոկտեմբերին համայնքում չանցկացնենք ընտրություն, հետո 2-3 ամիս հետո նորից միավորենք: Կարգավորումներն անում ենք, որպեսզի ավելորդ ոչ ծախսեր անենք, ոչ պետական միջոցները վատնենք:
Գործադիրի նախագծի վերաբերյալ կարծիքներ փոխանակեցին նաև օրենսդիր մարմնի անդամները: «Քաղաքացիական պայմանագրից» Բաբկեն Թունյանը կարգավորումը կարևորեց ոչ միայն կառավարման արդյունավետության բարձրացման, այլև՝ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման տեսանկյունից:
Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Միջինացված մեր համայնքային բյուջեների 70-75%-ը կազմում են վարչական ծախսերը, որոնց թվում 25-30 տոկոսը՝ աշխատավարձերի գծով ծախսերը: Փոքր համայնքներում այդ տոկոսն ավելի մեծ է, սա նշանակում է, որ մենք ունենք համայնքներ, որոնք իրենց բյուջեի մեծ մասը ծախսում են իրենք իրենց աշխատավարձ տալու վրա: Մի մասն էլ ընթացիկ ծախսերն են, ու դրա տակ փող չի մնում, որպեսզի մարդիկ կարողանան որևէ դպրոց վերակառուցել, որևէ նորմալ աղբահանության ծրագիր մշակել:
Խոշորացման օրենսդրական փաթեթը քննարկվեց հրատապ ռեժիմով: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ունեցավ երկու փոփոխություն: Առաջինով՝ Արմավիրի մարզի փնջերից մեկում խոշորացված համայնքի կենտրոնը Ջրառատից տեղափոխվեց Գայ բնակավայր: Երկրորդ փոփոխությունը վերաբերում էր Եղվարդ և Նոր Հաճն քաղաքներին:
Գնել Սանոսյան - Նախագծով առաջարկել էինք Եղվարդ կենտրոնով Նաիրի շրջան ունենալ: Բազմաթիվ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ կունենանք առանձին Եղվարդ խոշորացված և Նոր Հաճն խոշորացված համայնք՝ 8 համայնքներ կմիավորվեն:
Օրենքի նախագծին կողմ քվեարկեցին դահլիճում ներկա բոլոր պատգամավորները: Արտահերթ նիստում խորհրդարանն ընդունեց նաև նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Անցումային փուլում կառույցի հաստիքակազմը կավելացվի 10-ով, ինչը կբարձրացնի կոռուպցիոն գործերի քննության արդյունավետությունը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան