Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, երեկ երեկոյան ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին:
Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը՝ նշելով, որ Պողոսյանը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ:
Կարեն Պողոսյանը սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել Գորիսում հնչած կրակոցների գործով: Հուլիսի 14-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել էր երկու քաղաքացի:
Միջադեպի հետ կապված շրջանառվում է նաև նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդու՝ Մելիքսեթ Բարսեղյանի անունը:
Ըստ մամուլի՝ դեպքի մասնակիցների թվում է եղել նաև Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան