Այս անօդաչու թռչող սարքը օդ է բարձրանալու տուժածին առաջին օգնություն հասցնելու համար:
Արագածոտնի մարզի ներքին Սասնաշեն գյուղից եկած Դավիթն ու Հենրին մեկ այլ տեսակի ԱԹՍ են ներկայացնում:
Հենրի Կարելյան - Սա ջրցան ԱԹՍ է, սրա ֆունկցիան էդ է. հիմնականում կրակի օջախը պետք է հայտնաբերի ու հանգցնի:
Լոռու մարզի Լեռնապատ համայնքում Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթն է: Մասնակցում է 35 թիմ՝ հանրապետության տարբեր բնակավայրերից:
Սուրիկ Վարդանյան (Կարեն Վարդանյան կրթական հիմնադրամի տնօրեն) - Մենք որոշել էինք, որ Վանաձորում ստեղծենք կրթական կենտրոն՝ Կարեն Վարդանյանի անվան՝ ԱԹՍ կենտրոն, մեզ պետք էր նաև թռիչքուղի: Վանաձորից ոչ հեռու՝ 5-7 կմ հեռավորության վրա, որպեսզի հարմար, արագ հասնենք նշված կետից: Եվ ստացվեց, որ Լեռնապատը դարձավ էդ գյուղը:
Արամ Գրիգորյան (Լոռու մարզպետարանի կրթության. մշակույթի և սպորտի վարչության պետ) - Սա ոչ միայն զարգացնում է մեր գիտական ներուժը, նաև կզարգացնի մարզի տուրիզմը, համայնքը ավելի հանրաճանաչ կդառնա:
Մրցույթի նպատակն է լուծումներ գտնել անօդաչու թռչող սարքերի միջոցով փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար։
Արմինե Հայրապետյան (ԱԻՆ ներկայացուցիչ, «Ռեսպոնդրոն» ԱԹՍ ծրագրի հայաստանյան ԱԻՆ պատասխանատու) - Առաջին հերթին ստեղծել կապ առաջին արձագանքողների, այսինքն՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և հանրության՝ նորարարական գիտելիքներով զինված մարդկանց միջև. այն տեխնոլոգիական լուծումներ են բացահայտում:
Մրցույթին մասնակցում են դպրոցահասակներ, սկսնակ և մասնագիտացած ընկերություններ, սիրողական խմբեր։ Ըստ այդմ՝ առաջադրվող խնդիրները պարզ, միջին և բարդ մակարդակի են:
Սուրիկ Վարդանյան - Փոքր առաջադրանքը կատարում են, դրանից հետո իրենք արդեն մոտիվացվում են ավելի բարդ առաջադրանքներ կատարելու: Եվ աճում է մի սերունդ, որը տեխնիկապես շատ զարգացած է:
Խմբերի առաջ դրված է երեք հիմնական խնդիր. կրակի օջախի և տուժածի հայտնաբերում, գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Ըստ կազմակերպիչների՝ նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի աշխատանքի արդյունավետությունը:
Քրիստինե Կիրակոսյան (Իրական դպրոցի 2-րդ կուրսի ուսանող) - Հաղթանակը մեզ կօգնի հետագայում սկսել տվյալ ԱԹՍ-ի արտադրությունը ու դրանից հետո ավելի խորացնել այն, իսկ այդ ամենը, վստահ եմ, մեր բանակին անհրաժեշտ է:
Հաղթող թիմերը պարգևատրվում են հատուկ մրցանակներով:
Կազմակերպիչները խոստանում են՝ մինչև տարեվերջ ավարտին կհասցվի նաև ԱԹՍ-երի օդանավակայանի շենքի կառուցումը:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան