Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմն ու հայկական սրբավայրերի միտումնավոր ռմբակոծումն ապացույցն են՝ Բաքուն ձգտում է Արցախից ջնջել հայկական հետքը: Մայր Աթոռում հրավիրված «Կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովին հայտարարում է Ամենայն Հայոց կաթողիկոսը, շեշտում՝ Արցախում օկուպացված են բազմաթիվ հայկական սրբավայրեր. կարևոր է քրիստոնեական կառույցների համատեղ առաքելություն՝ կանխելու մշակութային եղեռնը:
Հայ հոգևորականներից բացի, Դադիվանք մուտքը փակ է հայ ուխտավորների համար: Տևական ժամանակ Ադրբեջանը մտացածին պատրվակներով արգելում է այցելությունները:
Մայր Աթոռում համաժողովը համախմբել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների և առաջատար գիտնականների՝ քննարկելու համաշխարհային հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության խնդիրները: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հուշարձանների պահպանության խնդրի մասին Սուրբ Էջմիածին հասած հոգևորականներին, գիտնականներին է ներկայացնում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրենը:
Կրոնական իրավունքների պաշտպանության, համերաշխության կոչով համաժողովին է մասնակցում Երևանում Վատիկանի ներկայացուցիչը, փոխանցում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի խոսքերը. բռնությունը ոչինչ չի կարող լուծել, այն միայն կործանում է.
Համաժողովի նպատակն է միջազգային կրոնական ազատության վերաբերյալ առաջարկություններ մշակել, որոնք կարող են հետագայում լայնորեն կիրառվել՝ բացառելով մշակութային վանդալիզմը: