Ադրբեջանի կողմից Հայաստանի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակելու նպատակը մեկն է՝ անընդհատ լարվածության մեջ պահել Հայաստանն ու Արցախը՝ ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն ու հավելեց, որ հակառակորդը նման գործողություններով իր օրակարգն է ցանկանում թելադրել:
Տարոն Հովհաննիսյան («Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ) - Ադրբեջանը նման գործողություններով փորձում է կասկածի տակ դնել ՌԴ խաղաղապահ ուժերի հեղինակությունը:
Ադրբեջանի այս քաղաքականությունը չի զարմացնում քաղաքագետ Նարեկ Մինասյանին: Նրա խոսքով՝ սա Ադրբեջանի կողմից եռակողմ պայմանավորվածությունների չկատարման հերթական դրսևորումն է:
Նարեկ Մինասյան (քաղաքագետ) - Այս քաղաքականությունը նոր չէ, քանի որ այն շարունակվում է նաև Արցախում՝ ռուս խաղաղապահների դեմ: Ադրբեջանը փորձում է ամեն կերպ ստվերել ռուսական կողմի ջանքներն ու ներդրումը՝ տարածաշրաջնում իրավիճակի կայունացման ու խաղաղության հաստատման գործում:
Հակառակորդի գործողությունների հիմքում փորձագետները նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը վիժեցնելու միտում են տեսնում:
Տարոն Հովհաննիսյան («Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ) - Ադրբեջանը չունի ապաշրջափակման օրակարգ, Ադրբաջանն ունի իր համար ցանկալի տրանսպորտային ուղիները ստանալու օրակարգ:
Նարեկ Մինասյան (քաղաքագետ) - Ադրբեջանի գործողությունները հերթական անգամ փաստում են, որ Բաքուն որևէ կերպ շահագրգռված չէ տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացով, և հենց Բաքուն է տորպեդահարում այս գործընթացը:
Վերջին շրջանում Արցախի հիմնախնդիրը բանակցային սեղան վերադարձնելու քննարկումներն ակտիվացել են, ինչը, ըստ Նարեկ Մինասյանի, փորձում է կանխել Ադրբեջանը:
Նարեկ Մինասյան (քաղաքագետ) - Վերջին շրջանում բավականին ակտիվացել են բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ իրականացվող քայլերը և ճնշումները, այդ թվում՝ Բաքվի նկատմամբ: Ինչպես հայտնի է՝ համանախագահող երկրների ղեկավարների միջև բավականին ինտենսիվ շփումեր են տեղի ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Փորձագետներն արձանագրում են՝ Ադրբեջանի գործողությունները պետք է արժանանան համարժեք գնահատականի, հակառակ դեպքում Բաքուն կարող է դառնալ ավելի անկանխատեսելի: