ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օգոստոսի 16-ի հրամանով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, նշանավոր սրտաբան-վիրաբույժ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ունեցած ներդրման համար: Բագրատ Ալեքյանը համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ է: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
Ալեքյանը Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն է Էնդովասկուլյար ախտորոշման և բուժման գծով: Նա Ռուսաստանի առողջապահական համակարգում բազմաթիվ պատասխանատու պաշտոններ է զբաղեցնում:
1975 թվականից աշխատում է Մոսկվայի սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում։ 1992 թվականից զբաղեցրել է ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի վարիչի պաշտոնը, 1999 թվականից՝ ՌԴ սրտանոթային վիրաբույժների ընկերակցության ներանոթային վիրաբույժների բաժանմունքի նախագահի պաշտոնը:
Բագրատ Ալեքյանը ՌԴ առողջապահության նախարարության և Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահության ներանոթային վիրաբուժության հիմնախնդրային հանձնաժողովի նախագահն է, 2002 թվականից՝ Ճառագայթաբանների և ներանոթային վիրաբույժների գիտական ընկերության նախագահը, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Վ. Ի. Բուրակովսկու անվան կարդիովիրաբուժության ինստիտուտի սրտի և անոթների հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավարը։ Բագրատ Ալեքյանն ավելի քան 700 գիտական աշխատության՝ այդ թվում՝ 11 մենագրության և գրքի հեղինակ է:
Նրա աշխատությունները վերաբերում են սրտի և արյան անոթների ներանոթային ախտորոշման և բուժման հարցերին։ Իր գիտական մշակումների և դրանք կիրառության մեջ դնելու համար Բագրատ Ալեքյանը 2015 թվականին արժանացել է ՌԴ կառավարության գիտության և տեխնիկայի բնագավառի մրցանակի:
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունն անվանակոչվել է Բագրատ Ալեքյանի անունով։