Յուրօրինակ, վառ գույներով ու հայկական զարդանախշերով պայուսակներ․ սեփական բիզնեսով զբաղվելու ցանկությունը դեռևս տասնութ տարի առաջ Լիանային ստիպեց զբաղվել ձեռագործ պայուսակների արտադրությամբ
Լիանա Խաչատրյան (Agape Bags ընկերության հիմնադիր) - բոլոր իմ հաճախորդները շատ սիրում են իրենց պայուսակները, որովհետև ինչ անում եմ՝ սիրով եմ անում, ու էդ «Ագապե»-ն էլ, որ կա, հենց սեր է նշանակում։
Գունային համադրությունը, պատկերների և դետալների ընտրությունը Լիանայինն են, թեև հաճախորդների առաջարկությունները ևս հաշվի է առնում։ Երկու դեպքում էլ նախապատվությունը տալիս է հայկական մոտիվներով պայուսակների պատրաստմանը։
Լիանա Խաչատրյան - Հայկական զարդանախշերն ու թռչնատառերն են: Հիմա դա է ակտուալ: Դա են շատ սիրում ու շատ դուրս են տանում։
Կարուձևի նրբություններն ինքնուրույն է սովորել։ Բիզնես կարողություններ ձեռք բերելու համար մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության դասընթացներին։
Լիանա Խաչատրյան - Այնտեղ մեզ բավականին լավ գիտելիքներ տվեցին՝ հաշվապահություն վարել, ճիշտ հաշվարկել ինքնարժեքը, հասույթը, շահույթը:
Իրացումն իրականացնում է սոցիալական հարթակների միջոցով։ Առաքումը կատարում է անձամբ՝ աշխատանքի գնահատականը հաճախորդներից անմիջապես ստանալու համար։
Լիանա Խաչատրյան - Ինձ համար կարևոր է նաև, որ ես կարողանում եմ նպաստել իմ երկրում բիզնեսի զարգացմանը ու ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի էս բիզնեսը դուրս գա միջազգային շուկա։
Սկզբունքային է համարում որակյալ արտադրանքի թողարկումը՝ միջազգային շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ վստահությունը չկորցնելու համար։ Հայ կանանց ձեռագործ աշխատանքներն աշխարհում տարածելը Լիանայի վաղեմի երազանքն է։
Լիանա Խաչատրյան - Մի մեծ երազանք ունեմ, որ գյուղերի կանանց ներգրավեմ այս ծրագրում: Կտրամադրեմ կտորներ, որի վրա ասեղնագործություններ են անելու իրենց պատկերացումով, ես չեմ թելադրելու:
Ասեղնագործ պայուսակներից յուրաքանչյուրը կարտադրվի մեկ օրինակով և կվաճառվի արտասահմանում։
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան