Ամենավատ սցենարի դեպքում հինգ տարի կպահանջվի «Հին Երևան» նախագիծն ավարտին հասցնելու համար, ասում է նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը: Նախագծում ներգրավված են բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ, որոնք պարտավորվել են ոչ միայն վերականգնել տեղափոխված հուշարձան շենքերը, այլև մինչև այսօր պահպանվածները:
Տեղափոխված հուշարձան շենքերից միայն Աֆրիկյանների քարերն են ամբողջությամբ պահպանվել, մյուս շենքերը վերակառուցման ժամանակ անպայման լրացումների կարիք կունենան:
«Հին Երևան» նախագիծն ավարտին հասցնելու համար նաև պետք է օտարված տարածքների սեփականատերերի հետ համաձայնության գալ: Իրացման գոտում գտնվող տների բնակիչներից բնակարանային փոխհատուցում ստացել ու տեղափոխվել է բնակչության մոտ 70 տոկոսը, մյուս 30 տոկոսի հետ դեռ ընթանում են բանակցություններ:
Ճարտարապետական նախագծի նպատակն է ամրակայել կիրառական ենթակառուցվածքները, վերականգնել ու արդիականացնել այն միջավայրը, որը ոչ միայն կամբողջացնի «Հին Երևան» նախագիծը, այլև կդառնա զբոսաշրջային կենտրոն: Իսկ ամբողջ նախագծի ստորգետնյա հատվածում գտնվող եռահարկ ավտոկայանատեղը կբեռնաթափի Արամի, Բուզանդի, Քոչինյան, Ամիրյան ու Աբովյան փողոցների և Մաշտոցի պողոտայի ծանրաբեռնվածությունը: Հին Երևանը նախատեսված չէ կիրառել որպես բնակելի թաղամաս, այստեղ կտեղակայվեն բացառապես սրճարաններ, ռեստորաններ, հյուրանոցներ ու այլ բիզնես նշանակության սրահներ, ասում է Վարդանյանը:
Մաս-մաս կառուցապատումն էլ խանգարում է, որ մարդիկ նախագիծն ամբողջությամբ տեսնեն ու գնահատեն, բայց համոզված է՝ շինարարական գործընթացների ավարտից հետո Հին Երևանը դառնալու է բոլորի համար կարևոր մշակութային ու ժամանացային սիրելի վայր, ասում է ճարտարապետ Լևոն Վարդանյանն ու հավելում՝ ճարտարապետության մեջ լավագույն դատավորը ժամանակն է: