Ավելի քան 4000 գիրք շուտով կհամալրեն Արցախի գրադարանների ու դպրոցների գրապահոցները: Երկու ամիս շարունակ Հայաստանի մի շարք հրատարակչություններ, համայնքային և ազգային գրադարաններ ու պարզապես գրքասերներ մասնակցել են «Գիրքը Արցախին սպեղանի» միջոցառմանը:
Մադլեն Հովսեփյան (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտքարտուղար) - Նպատակը հետևյալն էր՝ մեղմել արցախյան գրականության հավաքածուների կորուստը որոշ չափով, նպաստել համալրմանը և մեր արցախցի հայրենակիցներին հնարավորություն տալ օգտվելու գրքասպասարկման գործառույթներից:
Նվիրատուներից շատերը չեն ցանկացել ներկայանալ, ոմանք նույնիսկ մի քանի անգամ են գրքեր փոխանցել՝ նշում է Մադլեն Հովսեփյանը: Արցախի շուրջ 650 000 կորսված գրքային ֆոնդի վերականգնման գործընթացին աջակցում են Հայաստանի և Արցախի ԿԳՄՍ նախարարությունները:
Մադլեն Հովսեփյան - Կունենա շարունակական բնույթ, և հուսով ենք, որ այն որոշ չափով կմեղմի այդ կորուստը և կնպաստի արցախյան մշակույթի զարգացմանը:
Գրքերի նվիրատվությունն արդեն ավարտվել է: Մոտ օրերս Արցախի Կրթության գերատեսչության մասնագետները կայցելեն Խնկո Ապոր անվան գրադարան՝ գրքերը տեսակավորելու և Արցախ տեղափոխելու համար:
Լուսինե Ղարախանյան (Արցախի ԿԳՄՍ նախարար) - Գրքահավաքը կազմակերպվել է որոշ ուղղություններով՝ լեզվաբանության, գրականագիտության, պատմության, ազգագրության: Այսինքն՝ որոշակի աշխատանք արվել է, ու գրքահավաքը հենց այնպես չէր:
Ղարախանյանի խոսքով՝ նախաձեռնությունը ոչ միայն փոխհատուցում է 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրած գրադարանային ֆոնդին, այլև կրթվելու և զարգանալու հնարավորություն է:
Լուսինե Ղարախանյան - «Արցախը կարդում է»-ն արշավ է, ֆլեշմոբ, որը երկրորդ տարին է, ինչ նախաձեռնում է Արցախի ԿԳՄՍՆ-ն: Այս պահին միմյանց ընթերցելու մարտահրավեր են նետում և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները, և այս գրքային ֆոնդով մենք ուժեղացնելու ենք հանրային գրադարանները:
Գրադարանների արդյունավետ գործունեությունը կարևոր է ազգային ինքնության պահպանման և երիտասարդ սերնդի ինքնագիտակցության բարձրացման գործում՝ ասում է Արցախի ԿԳՄՍ նախարարը:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան