ԲԱՔՈՒՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ Է ՌԴ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ԿՌՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին Բաքվի դատարանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ Արցախյան վերջին պատերազմին մասնակցելու համար: Նա իր պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի կալանավայրում: Դատավճռում նշվում է, որ դրանից հետո Դուբակովը ենթակա է Ադրբեջանից բռնի վտարման: ՌԴ քաղաքացին դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և հավատում է դատարանի արդարությանը:
ԹԲԻԼԻՍԻԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՈՒՆՈՎ
Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկը կանվանակոչվի հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով: Որոշումը կայացվել է ճանաչված կինոռեժիսոր, փարաջանովագետ Գիա Ալավիձեի առաջարկ-դիմումի հիման վրա, որը ստորագրել են քաղաքի բազմաթիվ բնակիչներ: Թբիլիսիի ավագանու հաստատումից հետո տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությունը:
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ-2»-Ի ՀԱՐՑՈՒՄ
Վաշինգտոնն ու Բեռլինը համաձայնել են՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն ավարտվի առանց ամերիկյան պատժամիջոցների: ԱՄՆ-ը հայտարարել է, որ աշխատանքի այս փուլում պատժամիջոցներն անարդյունավետ են, իսկ Գերմանիան խոստացել է աջակցել Ուկրաինային՝ երկարացնելու այդ երկրի տարածքով գազի տարանցումը նաև նոր գազատարի գործարկումից հետո: «Հյուսիսային հոսք-2»-ով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով ուղարկել Արևմտյան Եվրոպա: Միացյալ Նահանգները դեմ էր «Հյուսիսային հոսք-2» նախագծին՝ այն համարելով սպառնալիք Եվրամիության և Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանը:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՒՏԻՆ-ՄԵՐԿԵԼ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Գերմանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցը: Նրանք գոհ են ավարտին մոտեցող «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունից, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Կրեմլի ղեկավարը նշել է այս նախագծի իրականացմանը գերմանական կողմի հետևողական հավատարմությունը: Առաջնորդները քննարկել են «Գազպրոմի» և «Նավթոգազի» միջև Ուկրաինայի տարածքով և 2024 թվականից հետո գազի փոխադրման մասին համաձայնագրի երկարաձգման հնարավորությունը:
ՈՒՀԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՈՐ ԻՆՔՆ Է ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԸ
Չինաստանը մերժել է կորոնավիրուսի ծագման հետաքննության երկրորդ փուլի ծրագիրը, որ առաջարկել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Չինաստանի Ուհան քաղաքը հերքում է, որ կորոնավիրուսը ստեղծվել է իրենց լաբորատորիայում: Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը երբեք չի սինթեզել, արհեստականորեն դուրս չի բերել և թույլ չի տվել կորոնավիրուսի արտահոսք, հայտարարել է Ուհանի կենսանվտանգության ազգային լաբորատորիայի տնօրենը: Ավելին՝ ըստ գիտաշխատողի, ինստիտուտի որևէ աշխատակից կամ ուսանող մինչև հիմա չի վարակվել COVID-19-ով: Նա ընդգծել է, որ չկա ապացույց, որը հաստատում է վարակի արհեստական ծագումը կամ դրա արտահոսքը լաբորատորիայից։