Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ քայլերի և առավելապաշտական նկրտումների հետևանքով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի լարվածությանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Ցավոք, մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված:
Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար: Այս համատեքստում նախ ուզում եմ ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունն ապահովելու գործում: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունն անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում:
Միևնույն ժամանակ՝ շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով:
Ինչպես և նախկինում, Հայաստանը շատ կարևոր և առաջնային է համարում տարածաշրջանային կումունիկացիաների բացումը, և մենք պատրաստ ենք շարունակելու աշխատանքն այս ուղղությամբ՝ կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով: Ակնկալում ենք, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը:
Սույն թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի կողմից Սոթք-Խոզնավար հատվածում Հայաստանի Հանրապետության սահմանի խախտումն անընդունելի է: Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ: Վերահաստատում ենք նաև խաղաղ բանակցությունները վերսկսելու՝ նախկինում մեր արտահայտած պատրաստակամությունը:
Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունի, և Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և ընդհանրապես՝ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու Հայաստանի Հանրապետության ժողովրդից ստացած մանդատը: