Արարատի մարզում արագիլների գրեթե 60%-ն աղտոտված է, այս հսկայական թիվը վկայում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին. Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանի մասնաճյուղն Արարատի մարզում ավարտել է արագիլների հաշվառման գործընթացը, և սա նրանց եզրակացությունն է:
Լուսինե Աղաջանյան (Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար) - Եթե կենդանական կամ բուսական ինչ-որ տեսակի վրա նկատվում են փոփոխություններ, դա նշանակում է, որ էկոհամակարգում ամեն ինչ նորմալ չէ: Էկոհամակարգը խախտված է, ինչը կարող լինել թե՛ մարդածին, թե՛ այլ գործոններով, բայց խախտումը միանշանակ է:
2010 թվականից Հայաստանում գործող կազմակերպությունը նախորդ տարվանից իրականացնում է արագիլների ուսումնասիրության և հաշվառման գործընթաց, նպատակն արագիլների բնակության տարածքը, աղտոտված թռչունների քանակը, աղտոտման աղբյուրները հստակեցնելն է:
Լուսինե Աղաջանյան - Կարծում եմ՝ քարտեզից արդեն պարզ է, որ աղտոտվածության տարածվածությունը գտնվում է Արարատի, Արմավիրի և Երևանի հատման հատվածում, սակայն կան աղտոտված արագիլներ, որոնք Էջմիածի հատվածից էին, Մեծամորի, անցած տարի նույնիսկ Արմաշ գյուղում ենք աղտոտված արագիլներ գտել:
Թռչունների միգրացիային հետևելու և աղոտման պատճառները հասկանալու համար սպիտակ արագիլների վրա տեղադրվել են փոքրիկ սարքեր, տարածքում՝ տեսախցիկներ, որոնք 24 ժամ հետևում են արագիլներին: Կազմակերպությունն արգիլների աղտոտման մի քանի վարկած ունի՝ չեն բացառում, որ թռչունների աղտոտման պատճառներից կարող են լինել ձկնաբուծարանները, աղբավայրերն ու թռչնաֆաբրիկաները, սակայն մինչ ուսումնասիրության արդյունքները չունենան, վերջնական գնահատական չեն տա:
Նարեկ Գրիգորյան (Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար) - Արագիլի վրա այն տեղադրվում է վերևի մասում՝ կարծես ուսապարկ լինի, և այս սարքը մեզ տեղեկատվություն է տալիս, թե որտեղ է եղել արագիլը:
Առկա բնապահպանական խնդիրը միայն արագիլներին չէ, որ կարող է վնասել, հնարավոր է՝ այն ազդի նաև մարդկանց առողջության վրա:
Լուսինե Աղաջանյան - Պարզապես արագիլների վրա առաջինը երևաց, կարող է հետագայում պարզենք, որ մարդկանց առողջության վրա այնպիսի անդառնալի ազդեցություն է ունենում, որ արդյունքների մասին իմանալով ցավ ապրենք:
Նարեկ Գրիգորյան - Արագիլների փետուրների, ջրի փորձանմուշներն ենք վերցնում, ուղարկում են Հայաստանում ու դրսում գործող լաբորատորիաներ՝ հասկանալու, թե ինչ նյութով են արագիլներն աղտոտվում:
Խնդրին անդրադարձել է նաև շրջակա միջավայրի նախարարությունը՝ ասելով, որ ստացել են տարբեր ահազանգներ, և արագիլների աղտոտման խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում:
Անի Օհանյան