Հուլիսի 6-ին ավարտվեց ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը՝ մարդու իրավունքների մասին քննարկումներով: 9 ելույթ Հայաստանից՝ հիշեցմամբ՝ մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում անտեսվում է հայ ռազմագերիների իրավունքների ոտնահարումն Ադրբեջանի կողմից, ինչն անընդունելի է:
Անի Սամսոնյան (ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ) - Այս օրերին Ադրբեջանում սկսվել են դատավարություններ հայ գերիների նկատմամբ, ինչն ամբողջությամբ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է, և խախտում է ոչ միայն գերիների, այլև նրանց ընտանիքների իրավունքները։ Ադրբեջանը քաղաքականացնում է միջազգային մարդասիրական իրավունքը: Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների զրույցն անժխտելի ապացույց է, որ Ադրբեջանը ներգրավված է մարդկանց առևտրի գործում և հայ ռազմագերիները նրա համար ենթակա են առուծախի։ Նրանք ապօրինաբար բանտարկված են ականապատ տարածքների քարտեզների դիմաց փոխանակվելու համար։
Մարիա Կարապետյանը եվրոպացի գործընկերներին մեր օրինակով ցույց տվեց, թե ինչպես է իրացվում մարդասիրական իրավունքը՝ ընդգծելով. Հայաստանն Ադրբեջանի սկսած պատերազմի ավարտից անմիջապես հետո կարճ ժամանակում վերադարձրեց մեզ մոտ գտնվող բոլոր ադրբեջանցիներին, իսկ Ադրբեջանը դա չի անում մի քանի պատճառով:
Մարիա Կարապետյան (ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ) - Դուք հաճախ կլսեք, թե Ադրբեջանի ռեժիմը ինչպես է խոսում Հարավային Կովկասում խաղաղության, տնտեսական գործակցության, տրանսպորտային ուղիների մասին: Միաժամանակ, Ալիևը հոխորտում է, թե Հայաստանի Հանրապետության տարածքից մի կտոր է պոկելու՝ որպես մեր տարածքով Թուրքիային միանալու ինքնիշխան միջանցք: Այդ ծրագիրն իրականացնելու նպատակով մայիսին Ալիևը ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք և դեռևս չի հեռացել: Հայաստանը ոչ մի երկրի տնտեսական շրջափակման չի ենթարկել: Այդ դեպքում ինչո՞ւ է Ալիևը ցանկանում ինքնիշխան միջանցք: Սա նույնպես բավականին ավտորիտար պատճառներ ունի: Ճանապարհների և երկաթգծի փոխադարձ ապաշրջափակումը կառաջացներ փոխկախվածություն և մեր տարածաշրջանում խաղաղության գոնե որոշակի երաշխիք: Մինչդեռ, ինքնիշխան միջանցքի գաղափարը հրաշալի ծառայում է Ադրբեջանում ներքին լսարանի համար՝ Ալիևի էքսպանսիայի համատեքստում:
Հայաստանն իր հավատարմությունը ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին ցույց տվեց նաև խորհրդարանի ընտրության ժամանակ. ի պատասխան ԵԱՀԿ քարտուղարության շնորհավորանքների՝ հայտարարեց պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
ԵԱՀԿ ԽՎ Տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիայի և շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստում Հայաստանի պատվիրակությունը հիշեցնում է երեք տասնամյակ շարունակվող Հայաստանի շրջափակման մասին: Նոր ստատուս-քվոն շատ հեռու է լուծում լինելուց, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլորիս հենց դա են ասում,- Մինսկի խմբի դիրքորոշումը հիշեցրին հայ պատվիրակները: Այս հարցերի շուրջ ադրբեջանցի գործընկերները ստիպված եղան ընդունել իրենց մոտեցման սխալականությունը և ներողություն խնդրել՝ Մինսկի խմբի աշխատանքը վատը համարելու համար: Եվրոպայի դիրքորոշումը արտահայտվեց վերջնական զեկույցում:
Այս նստաշրջանում էլ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն առաջարկեց զեկույցում Ղարաբաղյան հակամարտություն եզրույթը փոխարինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն արտահայտությամբ՝ կրկին ապացուցելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իրենց համար տարածքների հարց է, և ոչ թե մարդկանց: