Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը պետք է լուծվի «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով՝ շեշտում է Հայաստանում ՌԴ դեսպանը և հավելում, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի ղեկավարության և ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման առաջնահերթություններից է:
Սերգեյ Կոպիրկին, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան - Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ գերիները պետք է փոխանակվեն «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով: Ինչևէ, կփորձենք լուծել այս խնդիրն այն տարբերակով, որով հնարավոր է: Աշխատանքն այս ուղղությամբ, անկասկած, շարունակվելու է:
Հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների ներկայությունն ընդլայնելու հարցի վերաբերյալ առարկայական քննարկումները շարունակվում են՝ ընդգծում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և նշում, որ համապատասխան որոշումներ կայացնելուց հետո դրա մասին կհայտարարվի:
Սերգեյ Կոպիրկին - Ինչպես գիտեք, հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղակայված են ռուսաստանյան սահմանապահների հենակետեր, որոնք նպաստում են, որպեսզի իրավիճակը սահմանին լինի հանգիստ, կայուն: Շատ կարևոր է, որ տեղի բնակչությունն իրեն ավելի ապահով զգա: Քննարկումներ են ընթանում, թե ինչպես կարելի է ընդլայնել այդ ներկայությունը: Կարծում եմ՝ ամեն ինչ կորոշվի Հայաստանի անվտանգության, սահմանին կայունության ապահովման և պայմանավորվածությունների կատարման շահերի հիման վրա, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով:
Գեղարքունիքի մարզպետը ևս խոսում է սահմանային իրավիճակի ու ռուս սահմանապահների՝ մարզում տեղակայման մասին: Սանոսյանը, թեև հստակ ժամկետներ չի նշում, բայց «օրերի հարց» է համարում: Սանոսյանը նաև երեկվա փոխհրաձգությանն է անդրադառնում՝ ընդգծելով, որ այս պահին սահմանում իրավիճակը կայուն է, նոր միջադեպեր չկան: