Առաջին համալսարանական հիվանդանոցի միկրովիրաբուժության ամբիոնը հիմնանորոգվելու, վերազինելու կարիք ունի: Բայց համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և կենտրոնի տնօրեն Արտավազդ Սահակյանի ջրերը տևական ժամանակ է մի առվով չեն հոսում: Մուրադյանն առաջարկում է շինաշխատանքների համար տարածքը ժամանակավոր ազատել, Սահակյանն էլ հրաժարվում, միտում է տեսնում.
Արտավազդ Սահակյան, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ - Եթե մենք տարրալուծվենք, չկարողանանք միասին լինել, ապա ես վստահ չեմ, որ իմ աշխատակիցները լավ աշխատանք կունենան: Բոլորս էլ հասկանում ենք, որ ընդլայնվել են ուզում: Ինձանից շատ զինվոր սիրող թող չլինեն:
«Զինվորի տան» տնօրենն էլ հիվանդասենյակ առ հիվանդասենյակ մտնում, պայմանների մասին է հիշեցնում: Հայկուհի Մինասյանը հակադարձում է՝ վիրավոր զինվորների անունը չեն շահարկում, իրենց մասին են մտածում: Տղաները չեն կարող վթարային, անհարմար պայմաններում բուժվել: Սահակյանի հետ ինքն անձամբ է մի քանի անգամ զրուցել, վիրաբույժին առաջարկել՝ «Զինվորի տան» կահավորված լավագույն սենյակները ժամանակավոր զբաղեցնել:
Հայկուհի Մինասյան, «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի» տնօրեն - Առաջին հարկում լինելու է լաբորատոր ախտահանիչ բաժանմունքը, երկրորդ հարկում՝ հիվանդասենյակներ, երրորդ հարկն ամբողջությամբ վերածվելու է վիրաբուժական հարկի: Լինելու են վիրահատարաններ, և այդ ամենը կանգնեցնել պարզապես այն պատճառով, որ մարդը չի ցանկանում իր սենյակը տեղափոխել, արդար չէ մեր տղաների և մեր բժիշկների հանդեպ:
25-ամյա բաժանմունքը 25 տարի ղեկավարող Արտավազդ Սահակյանը պնդում է՝ համբերության բաժակը լցվել է: Ասում է՝ աշխատանքային վեճը չի լուծվում, քանի որ մոտ երեք տարի բժշկականի ռեկտորն իրեն պարտադրում է հեռանալ այդ մասնաշենքից՝ հաշվի առնելով կառավարության որոշումը, իսկ այն, ըստ վիրաբույժի, ընդունվել է առանց ստորաբաժանման կարծիքը հաշվի առնելու, ինչին ինքն ընդդիմացել է։
Արտավազդ Սահակյան - Սա բացարձակապես քաղաքական խնդիր չէ: Սա զուտ մարդու աշխատանքային իրավունքների խնդիր է, և ես այդքան միամիտ չեմ, ինքս էլ եմ հասկանում: Չեմ ուզում կրքեր բորբոքել, բայց եթե լռեինք, ապա ինքներդ եք հասկանում, թե ինչ վիճակում կհայտնվեինք:
ԵՊԲՀ-ից էլ վստահեցնում են՝ Արտավազդ Սահակյանն աշխատել ու նորոգումից հետո աշխատելու է արժանավայել պայմաններում: Հայկուհի Մինասյանն ասում է՝ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչին, աշխատակիցներին աշխատանքից ազատելու հարց չեն քննարկել: Իրենց նպատակը 1 միլիոն դոլլար արժողությամբ ներդրումային ծրագիրն ավարտին հասցնելն է.
Հայկուհի Մինասյան - Չկա օդափոխության համակարգ, հաճախ շոգի պատճառով նաև ուշագնացություններ են լինում, որովհետև իրենց առողջությունը նվազ է: Մենք բժշկին խնդրել ենք, ասել ենք՝ վերականգնենք, վերակառուցենք, հագեցնենք այնպես, ինչպես դուք եք ցանկանում, ապա վերադարձեք և ամբողջ թիմով շարունակեք ձեր աշխատանքը:
Վիրաբույժ Սահակյանն էլ հիշեցնում է՝ ինքը ոչ թե նորոգմանը, նոր սարքավորումներով համալրելուն է դեմ, այլ «Զինվորի տան» ենթակայության տակ գործելուն: Ասում է՝ չհամաձայնելու պատճառներն օբյեկտիվ են, ուրիշ հիվանդանոց չի տեղափոխվելու և օրենքի սահմանում գնալու է մինչև վերջ: