Եվրոպական խորհուրդը որոշեց Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են չեղյալ համարվել: Հանձնարարականն ուժի մեջ կմտնի վաղվանից: Հիմա արդեն ԵՄ անդամ երկրներն իրենք կարող են որոշել, թե երբ և ինչ պայմաններով տրամադրել մուտքի վիզա Հայաստանի քաղաքացիներին: «Ապահով» երկրների ցանկը վերանայվում է երկու շաբաթը մեկ՝ հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը, կորոնավիրուսի նոր դեպքերի ու պատվաստումների թիվը: Հայաստանից բացի վաղվանից այդ ցանկում կլինեն մոտ մեկ տասնյակ պետություններ, այդ թվում` Ադրբեջանը, Մոլդովան, Մոնտենեգրոն և Կանադան: Որոշումը, սակայն, կարող է փոխվել, եթե համաճարակային իրավիճակը տվյալ երկրում վատթարանա:
*****
Հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում առաջընթաց կա՝ կարծում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուրերը: «Իզվեստիա» թերթի հետ հարցազրույցում նա ասել է, որ դեռ վեճեր են ընթանում որոշ ձերբակալվածների թեմայով՝ արդյո՞ք նրանք ռազմագերի են համարվում, ի՞նչ կարգավիճակ ունեն և կարո՞ղ են արդյոք վերադառնալ: Կազմակերպության նախագահը հայտնել է, որ Կարմիր խաչի աշխատակիցներն անմիջական հասանելիություն ունեն գերիներին ու պահվող անձանց: «Ադրբեջանի կառավարությունը ծանուցել է, որ հայկական կողմի հետ ձերբակալվածների կարգավիճակի վերաբերյալ տարաձայնություններ են առաջացել։ Բաքուն և Երևանն ինքնուրույն պետք է այդ հարցը կարգավորեն միմյանց միջև»,- կարծում է Մաուրերը։ Նրա խոսքով` ԿԽՄԿ-ն կարող է ներկայացնել իր փորձը, խորհուրդ տալ որևէ բան, սակայն կառավարությունները պետք է իրենք որոշեն այդ մարդկանց վերջնական կարգավիճակը։ Պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում են պահվում ձերբակալված անձինք Ադրբեջանում, ԿԽՄԿ-ն հայտարարել է, որ իրենք դրան հանրային գնահատական չեն տալիս: Կարմիր խաչը դիտարկում է նաև հակամարտության գոտիներում տեղահանված անձանց և ձերբակալվածների Սպուտնիկ Վի-ով պատվաստման հավանականությունը: Մաուրերն ասել է նաև, որ այս տարի Կարմիր խաչը հինգ անգամ մեծացրել է Լեռնային Ղարաբաղում իր առաքելության ֆինանսավորումը՝ հասցնելով այն 50 միլիոն դոլարի:
*****
Սենատորներ Քրիս Վան Հոլենի և Տոդ Յանքի երկկուսակցական նամակը կոչ է անում ֆինանսավորել Արցախի ականազերծումը: Նամակն ուղարկվել է Սենատի համապատասխան հանձնաժողով: Բազմաթիվ սենատորներ միացել են նախաձեռնությանը: ԱՄՆ հայկական կառույցները ողջունել են նախաձեռնությունը: Օրենսդիրները կարծում են, որ 2022 թվականի ֆինանսական տարում 2 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումը թույլ կտա զգալիորեն մեծացնել ականազերծմանն ուղղված ջանքերը և ապահովել, որ խաղաղ բնակիչներն առանց վախի վերադառնան իրենց տները:
*****
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնն Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի հետ համատեղ ևս 7 հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով «ժամանակավոր միջոց կիրառել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերևարված հայ զինծառայողների գործերով։ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակն է հայտնում: «Դա նաև հնարավորություն կտա միջազգային մարդասիրական կազմակերպություններին, հատկապես՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, մուտք գործելու գերևարված անձանց մոտ»,- նշված է հաղորդագրության մեջ։
*****
Forbes հայտնի պարբերականն անդրադարձել է Հայաստանում գինեգործությանն ու գինու մշակույթին։ Ասվում է, որ 2010 թ. հնագետները հայտնաբերել են «խաղողի ճզմման սարք, պահեստարաններ, բաժակներ, չորացած խաղողի որթատունկ, կաշի և սերմացու», որոնք բոլորը միասին «աշխարհի ամենահին հայտնի գինու գործարանի վկայությունն են» Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում, որը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում։ Այս հայտնագործությունները թվագրվում են առնվազն 6100 տարի առաջ և դրանք գտնվում էին մի քարանձավում, որն այժմ հայտնի է «Արենի-1» անունով, ինչն ապացուցում է, որ մարդիկ «համակարգված» գինի են արտադրել 1000 տարի շուտ, քան նախկինում նշված էր: Հայաստանն ավելի քան 400 տեղական խաղողի սորտերի հայրենիքն է, և կարելի է պատկերացնել, քանի որ համակարգված գինեգործությունն այդքան ժամանակ գոյություն է ունեցել այնտեղ՝ խաղողի առատությամբ։
*****
Բրիտանական դատարանը բացահայտել է «Ադրբեջանական լվացքատան» միջոցով անօրինական 14 մլն ֆունտ ստեռլինգ Միացյալ Թագավորություն բերած զույգի ինքնությունը: Իբիցայում երեկույթների կազմակերպմամբ զբաղվող Իզատ Խանիմ Ջավադովան, որ որպես դիջեյ ներկայանում է Միքայելա Ջավ կեղծանվամբ, Ադրբեջանի նախագահի զարմուհին է՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի եղբոր՝ Ջալալ Ալիևի աղջիկը: Նա Լոնդոն է ժամանել տասը տարի առաջ և կարողության շնորհիվ կարողացել է վիզա ստանալ: Միացյալ Թագավորության Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը մեղադրում է զույգին Լոնդոնում իրենց կյանքը ֆինանսավորելու նպատակով հանցավոր գումարներ օգտագործելու համար: Այժմ գործակալությունը փորձում է կասեցնել նրանց մի քանի միլիոնանոց բանկային հաշիվները: Իլհամ Ալիևի զարմուհին և նրա ամուսինը քննիչներին ասել են, թե այդ գումարները գոյացել են Ադրբեջանում իրենց սեփականությունների վարձակալության արդյունքում: OCCRP հետաքննական նախագիծը ներկայացրել է նկարներ նրանց սեփական օդանավից, մանրամասներ՝ ճամփորդություններից: