Ֆրանսիայի դատախազությունը երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի համար պահանջել է ևս վեց ամսվա ազատազրկում, հավանաբար՝ պայմանական, և 3750 եվրո տուգանք, գրում է Euronews-ը: Ըստ մեղադրող կողմի՝ Ֆրանսիայի նախկին նախագահն ավելի շատ ծախսեր է կատարել 2012-ի նախընտրական քարոզարշավի համար, քան թույլ են տալիս հանրապետության օրենքները: Այդ գումարը չպետք է գերազանցեր 22,5 մլն եվրոն, մինչդեռ, ըստ դատախազների, Սարկոզին ծախսել է 42 մլն եվրո, և դա թաքցնելու համար նրա նախընտրական շտաբը կեղծ հաշիվներ է օգտագործել:
Նախկին նախագահից բացի, մեղադրանք է ներկայացված ևս 13 հոգու: Սարկոզին հերքում է բոլոր մեղադրանքները:
2021 թ. մարտին Նիկոլա Սարկոզին դարձավ Հինգերորդ հանրապետության առաջին նախագահը, որը դատապարտվեց ազատազրկման: Նրան մեղավոր են ճանաչել կոռուպցիայի և դատավորին կաշառելու փորձի համար ու դատապարտել երեք տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական: