«Ազգային ժողովրդավարական բևեռը» գոհ է քարոզարշավի ընթացքում իրենց ցուցաբերած ակտիվությամբ, սակայն կուսակցության ցուցակի առաջին համար Վահե Գասպարյանը պնդում է՝ ընտրությանը մասնակցող ուժերը, լուսաբանման տեսանկյունից, գտնվել են անհավասար պայմաններում:
Վահե Գասպարյան («Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ցուցակի 1-ին համար) - Մենք ապրում ենք մի համակարգում, որը խտրականություն է դնում և, ըստ քաղաքական պատվերի, տարբեր կերպ է լուսաբանում և մեկնաբանում, տարբեր խտությամբ և երկարությամբ: Բայց, այնուամենայնիվ, մենք կարողացանք մեր ասելիքը հասցնել մեր ժողովրդին, և աճող հետաքրքրությունը ԱԺԲ-ի հանդեպ դրա վկայությունն է:
Խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթելու դեպքում կուսակցությունը մտադիր է փոխել Հայաստանի արտաքին վեկտորը: ԱԺԲ-ն իրենց համարում է ամբողջովին նոր օրակարգ առաջարկող միակ ուժը:
Հայկ Մարտիրոսյան (ԱԺԲ խորհրդի անդամ) - Մենք հանդիսանում ենք համաշխարհային խոշոր շահերի ուշադրության առարկա և նաև բախման կետ և սա մենք պետք է օգտագործենք: Պետք է հասկանանք նաև, որ այս իրավիճակում արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար որոշում է ամեն ինչ՝ ներքին, տնտեսական քաղաքականությունը, ժողովրդի բարեկեցության վիճակը, որոշում է ժողովրդի անվտանգությունը:
Արտաքին քաղաքականության արևմտամետ դիրքորոշում ունեցող կուսակցությունն իր ընդգծված տեսակետն ունի նաև Արցախի հակամարտության կարգավորման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցերում:
Արա Պապյան (ԱԺԲ խորհրդի անդամ) - Արցախը երբևէ օրինապես չի եղել Ադրբեջանի կազմում, և Ադրբեջանն ինքը 1991 թ. հոկտեմբերի 18-ին հրաժարվել է ԽՍՀՄ իրավաքաղաքական ժառանգությունից: Հետևաբար, մենք դիտարկում ենք միջազգային իրավունքի վրա խնդիրը լուծելը, այսինքն՝ պետք է հստակեցվի, թե անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի միջև ո՛րն է եղել ճանաչված սահմանը, դրա հիման վրա էլ պետք է տեղի ունենան դելիմիտացիան և դեմարկացիան: Մինչ հստակեցումը, թե ո՛րն է իրավական հիմքը, ցանկացած նման գործողություն հակաօրինական է:
«Ազգային-ժողովրդավարական բևեռը» համաձայն չէ այն տեսակետին, թե ընտրությունը պետք է կատարվի ներկա և նախկին իշխանությունների միջև, և ակնկալում է ստանալ անհրաժեշտ քանակով քվե՝ Ազգային ժողովում մեծամասնություն ձևավորելու համար: