Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել իր ընտրական ցուցակը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՔՊ ցուցակում գործարարների, մասնավորապես, Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի ներկայությանը:
Նրա խոսքով՝ չկա մի ուժ, որի ցուցակում չկան գործարարներ, սակայն Ալեքսանյանը վստահեցրեց՝ ընտրվելու դեպքում ցուցակի գործարարները այլևս չեն զբաղվելու բիզնեսով։
«Անհավանական եմ համարում, որ ընտրվելուց հետո մեր ցուցակի գործարարները զբաղվեն բիզնեսով»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ի ցուցակում էլ կային գործարարներ, ինչը միշտ քննադատվում էր այսօրվա իշխանությունների կողմից, հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ իրենք էլ կունենան նույն վախճանը, ինչ ՀՀԿ-ն, Ալեքսանյանն ասաց. «Այդպես կարելի է ցանկացած բանի վրա օրինակ բերել և ասել՝ ՀՀԿ-ն քայլում է գետնի վրայով: Չե՞ք կարծում, որ եթե դուք էլ քայլեք գետնի վրայով, կարժանանաք նույն վախճանին»։