ԼԵՀԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երկրորդ օրն է՝ պետական այցով Անկարայում է: Այցի առաջին օրը նախագահը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ստորագրել որոշ պայմանագրեր: Ըստ լրատվամիջոցների՝ դրանցից մեկը ԱԹՍ-ներ գնելու մասին է: Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը Թուրքիայից ձեռք կբերի հարվածային անօդաչուներ։ Լեհաստանը Թուրքիայից կգնի 24 հատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք, որոնց առաջին խմբաքանակը կմատակարարվի արդեն 2022 թվականին։ Նախագահի այցի նախօրեին Լեհաստանի պաշտպանության նախարարն էր մեկնել Թուրքիա` հարվածային ԱԹՍ-ների գնման բանակցություններ վարելու համար:
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Իսրայել՝ տեղում տեսնելու՝ արդյոք պահպանվո՞ւմ է ՀԱՄԱՍ խմբավորման և Թել Ավիվի միջև կնքված հրադադարը: Նա կկարգավորի նաև Գազայի հատված մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը: Մերձավորարևելյան այցի ընթացքում Բլինքենը կլինի նաև Արևմտյան ափում, Եգիպտոսում և Հորդանանում: Բլինքենը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ: ԱՄՆ-ն և Եգիպտոսը երկար սպասված հրադադարի միջնորդներն են:
ԵՎՐՈՊԱՆ ԿՊԱՏԺԻ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ
Եվրոպան կպատժի Բելառուսին: Քննարկումների առաջին օրը Եվրամիության առաջնորդները որոշել են փակել եվրոպական երկինքը բելառուսական օդանավերի համար: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բելառուսի գործողությունները համարում է միջազգային սկանդալ, ԱՄՆ նախագահն էլ՝ միջազգային բոլոր նորմերի խախտում: Եվրոպական որոշ երկրներ հետ են կանչում դեսպաններին Մինսկից՝ քննարկումների: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Մինսկում ձերբակալվեց Nexta Տելեգրամ ընդդիմադիր ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը: Նրան բերման ենթարկեցին Աթենքից Վիլնյուս թռչող օդանավից: Այն Բելառուսը հարկադիր իջեցրել էր Մինսկում՝ պատճառաբանությամբ, թե ՀԱՄԱՍ խմբավորումն ռումբ է տեղադրել օդանավում: ՀԱՄԱՍ-ը հերքել է մեղադրանքը: Բելառուսի արտգործնախարարը միջազգային գործընկերներին հրավիրել է Մինսկ՝ միջադեպը միասին հետաքննելու համար: