Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Եղեգնաձորի երկրագիտական թանգարան և շնորհավորել աշխատակիցներին և թանգարանային ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Բարձր գնահատելով արդյունավետ և հետևողական աշխատանքի շնորհիվ արձանագրած հաջողությունները՝ մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդգծել է ոլորտի ներկայացուցիչների անգնահատելի ներդրումը երկրի պատմամշակութային արժեքների պահպանման և հանրահռչակման կարևորագույն գործում:
Այդ ձեռքբերումների մասին է վկայում նաև թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստացած պարգևատրումը՝ մշակույթի ոլորտում ունեցած կարևոր ներդրումի համար:
Թանգարանը պետության և ժողովրդի մշակութային կարևորագույն արժեք է հանդիսանում, որն անգնահատելի դեր է խաղում հասարակության մշակութային և կրթական կյանքում՝ հանդես գալով որպես պատմամշակութային ժառանգության ընտրության, պահպանման և խթանման կենտրոն:
Այն անցյալի շտեմարան է, որն իր մեջ պարունակում է մեր երկրի և նրա բնակիչների պամությունը, և յուրօրինակ դպրոց, որտեղ ձեզ կպատմեն այդ պատմության, գաղտնիքների, մոռացված իրադարձությունների և քիչ հայտնի փաստերի մասին: