Ֆրանսիացի զինվորականները երկրորդ նամակն են հղել նախագահին, որում զգուշացնում են Ֆրանսիայի «քայքայման» և իսլամիզմի վտանգների մասին, գրում է Euronews-ը: Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավարը կոչ է արել նամակի անանուն ստորագրողներին, որոնք պնդում են, թե Ֆրանսիայում «քաղաքացիական պատերազմ է հասունանում», հրաժարվել բանակից:
Երեք շաբաթ առաջ Valeurs Actuelles շաբաթաթերթը տպագրեց նմանատիպ մի նամակ, որի հեղինակները՝ 20 նախկին գեներալ, պնդում էին, որ Ֆրանսիան «վտանգի մեջ է», «իսլամիստները հաստատում են իրենց օրենքները»: Նամակը ստացել է հարյուր բարձրաստիճան սպաների և ավելի քան հազար այլ զինվորների աջակցությունը:
Երկրորդ նամակը ստորագրել են նաև կադրային սպաներ, որոնց ոչ թիվը, ոչ էլ ինքնությունը հայտնի չեն, և որոնք «թշնամու կրակի միջով են անցել» Մալիում, Աֆղանստանում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում:
Գեներալ Ֆրանսուա Լեկուանտրը նամակով պատասխանել է բոլոր զինվորներին, որում ասվում է. «Ամենախելամիտն այն կլինի, որ դուրս գաք կառույցից, որպեսզի կարողանաք ազատ հրապարակել սեփական գաղափարներն ու համոզմունքները»:
Նամակը ստորագրողներին նա մեղադրել է «բանակը քաղաքական բանավեճերին ներքաշելու համար, որի իրավունքը նրանք չունեն»:
Ինչևէ, այդ երկու նամակը փոքր քաղաքական փոթորիկ են առաջացել երկրում: Նամակների հեղինակներին իր զորակցությունն է հայտնել աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Մարին Լը Պենը: