Թուրքիան կրկին դիմել է ԱՄՆ-ին՝ կոչ անելով բանակցություններ վարել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի շուրջ խնդրահարույց հարցերի և F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքային հեռացնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Մենք կրկնում ենք, որ կարող ենք ԱՄՆ-ի հետ այդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով, որպես ռազմավարական դաշնակիցներ և գործընկերներ: Ակնկալում ենք, որ սխալները կուղղվեն»,- Hurriyet թերթին ասել է Քալընը:
Ըստ նրա՝ Թուրքիային չեն գոհացնում «ԱՄՆ-ի պնդումները, որ S-400-ը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի, ինչպես նաև F-35 ինքնաթիռների անվտանգության համար»:
«Եթե պայմաններն ընդունելի լինեն, մենք S-400-ից բացի կգնենք նաև ամերիկյան Patriot համակարգեր, սակայն հարկադրված ենք հաշվի առնել ազգային շահերը»,- ասել է թուրք պաշտոնյան՝ հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմը շարունակում է պատրաստվել Էրդողան-Բայդեն հանդիպմանը, որը նախատեսված է ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովին: