Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը անդրադարձել է Թուրքիային ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից պաշտոնապես հեռացնելու թեմային, հայտնում է ermenihaber-ը:
Նա հայտարարել է, որ որևէ երկիր չի կարող միակողմանիորեն հեռացվել ծրագրից, և պնդել, որ ԱՄՆ-ը որևէ իրավական հիմք չունի Թուրքիային այդ ծրագրից հեռացնելու համար:
«Կա համագործակցություն, որը հիմնված է փոխըմբռնման հուշագրի վրա: Մենք ստորագրված հուշագրի շրջանակում ասացինք, որ ոչ մի գործընկեր երկիր, նույնիսկ եթե ծրագիրը ղեկավարող երկիրն է, չի կարող հեռացնել մյուս գործընկերոջը»,- ասել է նա:
Դեմիրը նշել է, որ այդ ծրագրից Թուրքիային կարող են հեռացնել միայն այն դեպքում, եթե մասնակից բոլոր երկրները միաձայն կողմ արտահայտվեն, կամ այդ երկիրն ինքը դուրս գա:
Նրա հաղորդմամբ՝ այս հարցի կարգավորման համար երկխոսություն է սկսվելու ԱՄՆ-ի հետ:
Ապրիլին Պենտագոնն Անկարային ծանուցել էր ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ արգելք էր սահմանել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար: