Ֆրանսիայի գործող զինվորականներն իրենց աջակցությունն են հայտնել պաշտոնաթող գեներալներին, որոնք իշխանություններին քաղաքացիական պատերազմի մասին նախազգուշացնող բաց նամակ էին հղել, հայտնում է ТАСС-ը:
Ուղերձի հեղինակները դատապարտել են Ֆրանսիայի իշխանություններին, որոնք քննադատել են պաշտոնաթող գեներալների նախազգուշական կոչը: Նրանք զգուշացնում էին երկրում քաղաքացիական պատերազմի ռիսկի մասին՝ արվարձաններից իսլամիստների և ավազակախմբերի կողմից սպառնացող վտանգի պատճառով:
Պաշտոնաթող ֆրանսիացի գեներալների առաջին նամակում զգուշացվում էր, որ Ֆրանսիան քաղաքացիական պատերազմի եզրին է «իսլամիստների հորդաների» դեմ: Իսլամիստները գրավում են Ֆրանսիայի ամբողջ շրջաններ և այնտեղ հաստատում իրենց սեփական կանոնները՝ հակառակ երկրի սահմանադրության: Գեներալները համոզված են, որ անգործությունը կարող է հանգեցնել սոցիալական ցնցումների և քաղաքացիական պատերազմի, ինչն էլ կարող է հազարավոր զոհերի պատճառ դառնալ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը դատապարտել է գեներալների նամակը: Երկրի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Ֆրանսուա Լեկուանտրը հայտարարել է, որ նամակի հեղինակներին սպասում է կարգապահական քննություն: