«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչեցվել է երկու հայտարարություն. մեկը՝ 2020 թ. դեկտեմբերի 3-ին, մյուսը՝ այս տարվա ապրիլի 13-ին: Հայկական կողմի գնահատականներն ու մոտեցումները հայտնի են: Ուղղակի հիշեցնեմ՝ ՀՀ-ն իր ճանապարհային քարտեզն այս ժամանակաշրջանի համար արտահայտել է առաջին անգամ դեկտեմբերի 3-ին՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի ժամանակ: Մենք ներկայացրել ենք 5 կետանոց ճանապարհային քարտեզ, և գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և 2020 թ. դեկտեմբերի 3-ի և 2021 թ. ապրիլի 13-ի հայտարարությունների մեջ արտացոլված են հայկական կողմի բարձրացված հարցերը»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հստակ ընդգծել է՝ խաղաղ գործընթացը պետք է վերսկսվի ու հասցեագրվի ԼՂ հիմնահարցի ամենակարևոր սկզբունքը՝ կարգավիճակի հարցը լուծելուն: «Տարբեր գործընկերներ, հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարները, պետությունների ղեկավարները գնալով ավելի հստակ են արտահայտում իրենց կարծիքը հարցի մասին, այն է՝ խնդիրը ավարտված չէ, հակամարտությունն իր լուծումը չի գտել, և պետք է հասցեագրել առկախված խնդիրները»,- նշեց նա:
Ըստ Այվազյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ ստեղծելու միջավայր, որ հակամարտող կողմերը հանգեն բանակցային կարգավորմանը: «Ուրախ եմ արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ցույց է տալիս վերակենդանացման նշաններ, և ինչպես նախկինում ասել եմ՝ լիահույս եմ, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որ ոչ թե կհետևի գործընթացներին, այլ կղեկավարի գործընթացները»,- ասաց նա: