Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի էներգետիկ հարցերով հանձնաժողովի նիստում տապալվել է ադրբեջանական պատվիրակության հերթական նախաձեռնություն-առաջարկը, որը նպատակ է ունեցել առաջ քաշել Հայկական ատոմակայանի փակման հարցը. հայտարարեց հայկական պատվիրակության անդամ Արման Եղոյանը:
«Էներգետիկ հարցերով հանձնաժողովի նիստում ադրբեջանցիները, ավանդույթի համաձայն, բարձրացրեցին խորհրդային ատոմակայանների հարցը՝ բնականաբար, նկատի ունենալով Հայկական ատոմակայանը: Բայց, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, իրենց առաջարկությունները՝ դիտարկելու ատոմակայանները, դրանց անվտանգության հարցերին ավելի աչալուրջ լինել, ընդհուպ՝ փակել, բնականաբար, տապալվեցին այդ հանձնաժողովի նիստում»,- ասաց Եղոյանը՝ ընդգծելով, որ անգամ Եվրանեսթի ԽՎ մակարդակում փաստվել է, որ չկա խնդիր ատոմակայանի առնչությամբ: