Հայաստանի ամենահեռավոր մարզերի բնակիչներին անգամ «Հայփոստը» կառաքի աշխարհի ցանկացած երկրից առցանց եղանակով կատարված գնումը: Առցանց գնումների «Օնէքս» հարթակից օգտվող քաղաքացիների համար «Հայփոստն» առաքման ծառայությունն անվճար կմատուցի: Որպեսզի մարզերի բնակիչներն առաքանին ստանալու հետ կապված դժվարություններ չունենան, «Օնեքսն» ու «Հայփոստը» համագործակցության հուշագիր ստորագրեցին:
Հայկ Կարապետյան, «Հայփոստի» գլխավոր տնօրեն - «Հայփոստն» ազգային օպերատոր է, և մենք հարթակ ենք բոլորի համար՝ բոլոր տեսակի կազմակերպությունների: Տրամադրում ենք փոստային ծառայություն՝ բոլոր գործընկերների համար հավասար պայմաններով: Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, ամեն օր աշխատում ենք մարզերում հավասար զարգացում ապահովելու ուղղությամբ:
«ՕնԷքսի» օգտատերերն արդեն կարող են իրենց առցանց պատվերներն ստանալ «Հայփոստի» 850 բաժանմունքից ավելի քան 700-ում:
Սամվել Մարտիրոսյան, «ՕնԷքսի» գլխավոր տնօրեն - Սրանով կարողանում ենք լուծել երկու հիմնախնդիր: Այն է՝ լինել ամենամոտը մեր օգտատերերին, ինչպես նաև ապահովել ծառայության գնի հավասար պայմաններ Երևանի և հեռավոր մարզերի օգտատերերի համար:
Գործակցության այս ծրագիրն առայժմ նախատեսված չէ Երևանի, Գյումրիի և Վանաձորի համար: