Դավաճանը դո՛ւք եք, կապիտուլյանտը դո՛ւք եք, հողատուն դո՛ւք եք. այս ուղերձը հղել ենք կոնկրետ մարդկանց, ով ուզում է վերցնել այդ ուղերձը, այն ազատ շրջանառության մեջ է: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին:
Ինչ վերաբերում է պատգամավորի դիտարկմանը, թե ի՛նչ է բանակցել ՀՀ իշխանությունը, և ո՛րն է եղել բանակցությունների զրոյական կետը, Փաշինյանը նշեց, որ այն, ինչ բանակցել են, հրապարակվել է 2019-ի մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:
«Մենք ասել ենք, որ չենք պատկերացնում հարցի կարգավորումը առանց ԼՂ ներկայացուցիչների մասնակցության, առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման, չենք պատրաստվում միակողմանի զիջումների, պատրաստ ենք փոխզիջումների: Մենք այս դիրքորոշումը տանելու համար պայքարել ենք մինչև վերջ»,- հայտարարեց վարչապետը: