Ալյասկայում ամերիկացի և չինացի բարձրաստիճան պաշտոնյաների երկօրյա հանդիպման մեկնարկը տեղի է ունեցել պայթյունավտանգ, առճակատման մթնոլորտում, կողմերը հանդես են եկել փոխադարձ մեղադրանքներով՝ հաղորդում է reuters-ը:
Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցում են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը, չինական կողմից՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչին և Արտաքին գործերի նախարար Վանգ Յին:
«Մենք հակամարտության չենք ձգտում, բայց ողջունում ենք կատաղի մրցակցությունը, և մենք միշտ պաշտպանելու ենք մեր սկզբունքները, մեր ժողովրդի և ընկերների շահերը»,- ասել է Սալիվանը առաջին հանդիպման սկզբում:
Բլինքենը, իր հերթին, ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Չինաստանին պատասխանատվության ենթարկել Հոնկոնգի դեմ գործողությունների, այլ երկրների վրա տնտեսական ճնշման, ույղուր բնակչության դեմ մարդու իրավունքների խախտումների համար:
Յան Ցզեչին ԱՄՆ-ին մեղադրել է երեսպաշտության մեջ: Նա ասել է, որ Վաշինգտոնն օգտագործում է իր ֆինանսական ու ռազմական ուժը՝ այլ երկրներին վախեցնելու համար: Նա նաև հիշեցրել է, որ Ամերիկան մարդու իրավունքների խնդիրների իր երկար պատմությունն ունի, և որպես օրինակ է բերել ԱՄՆ-ում սևամորթների սպանությունը: